«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը Ֆեյսբուքում հայտնել է, որ ԵԽԽՎ «Միգրացիայի, փախստականների և տեղահանվածների հարցերով» հանձնաժողովի այսօրվա օրակարգում ներառված էր նաև Լեռնային Ղարաբաղում ընթացող պատերազմի հումանիտար ասպեկտի քննարկման հարցը: Հարցի ներկայացման ժամանակ, որպես Հայաստանից զեկուցող, նա նշել է.
«Հարգելի գործընկերներ,
սա ագրեսիա է Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ, այս պահի դրությամբ քաղաքացիական բնակչության շրջանում գրանցվել է մահվան 50, վիրավորման՝ 154 դեպք: Հսկայական վնաս է հասցվել բնակավայրերին և քաղաքացիական ինֆրաստրուկտուրաներին: Ադրբեջանի նախագահն ինքն է խոստովանել, որ իրենք թիրախավորել են բնակավայրերը, թեև ընդունել է, որ դա արել են մինչև հոկտեմբերի 10-ը, բայց նա ստում է, քանի որ հենց երեկ Շուշիի հրետանակոծման հետևանքով 3 զոհ կա՝ քաղաքացիական բնակչության շրջանում: Հավելեմ, որ մինչ աշխարհը պայքարում է համավարակի դեմ, Արցախում համավարակը լայնորեն տարածվել է, քանի որ Արցախի խաղաղ բնակչությունը հարկադրված է ապրել կացարաններում, իսկ դա անկառավարելի է դարձնում համավարակի հետագա տարածումը: Ստեղծվել է հումանիտար աղետի իրական վտանգ: Ավելի քան 25000 երեխա զրկված են կրթություն ստանալու հնարավորությունից, ցանկը կարելի է անվերջ շարունակել:
Ահաբեկիչների ներգրավումը միայն քաղաքական հարց չէ, դա ունի հումանիտար լուրջ հետևանքներ, քանի որ նրանք կոչված են նաև գլխատումներ իրականացնելու ու վճարվելու դրա համար: Դրա մասին խոստովանել են հենց ահաբեկիչները:
Ամփոփելով նշեմ, որ Թուրքիայի ակնհայտ աջակցությամբ սկսված այս ագրեսիան ապացուցում է ևս մեկ անգամ, որ Ադրբեջանի նպատակը արցախահայության վերացումն է և բոլոր գործողությունները դրա վառ ապացույցն են»: