1lurer.am-ը հավաքել է Արցախի հետ շփման գծում Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների ժամանակագրությունը: Ավելի վաղ ներկայացրել էինք նաև սեպտեմբերի 27-ի, 28-ի, 29-ի, 30-ի, հոկտեմբերի1-ի, 2-ի, 3-ի, 4-ի, 5-ի, 6-ի, 7-ի, 8-ի, 9-ի, 10-ի, 11-ի, 12-ի, 13-ի, 14-ի, 15-ի, 16-ի, 17-ի, 18-ի, 19-ի, 20-ի, 21-ի , 22-ի, 23-ի, 24-ի, 25-ի , 26-ի, 27-ի, 28-ի, 29-ի, 30-ի, 31-ի, նոյեմբերի 1-ի , 2-ի, 3-ի, 4-ի դեպքերի քրոնիկոնը:
Որոշ դիվերսանտներ ու վարձկաններ փորձել են Քարինտակի ուղղությամբ և այլ ուղղություններից ժայռերը մագլցել, սակայն ոչնչացվել են՝ ժայռերի տակ մնալով․ Հովհաննիսյան
«Ադրբեջանի դիվերսանտներն ու վարձկանները, կարծես, հատուկ խնդիր ունեն։ Ամեն մի ոչնչացված դիվերսանտի կրծքին Ադրբեջանի դրոշ կա։ Իրենք խնդիր ունեն կոնկրետ, երևի Ալիևը շատ է ուզում սեփական ժողովրդի ոգին բարձրացնել»,- նշեց Հովհաննիսյանը՝ հայտնելով, որ նոյեմբերի 9-ը Ադրբեջանի դրոշի օրն է, և դիվերսանտների խնդիրը հայկական բնակավայրերում ադրբեջանական դրոշի ծածանումը նկարելն է։ Այսօր որոշ դիվերսանտներ ու վարձկաններ նույնիսկ փորձել են Քարինտակի ուղղությամբ և այլ ուղղություններից ժայռերը մագլցել, սակայն ոչնչացվել են՝ ժայռերի տակ մնալով՝ նշել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
«Գյոռբագյոռ» օպերացիան շարունակվելու է, այդ ձորակներն ու անտառներն իրենց համար դառնալու են դժոխք․ ՊՆ ներկայացուցիչ
ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը 22։00-ին մեկնարկած ասուլիսի ընթացքում հայտնել է․ «Երեկ ողջ գիշեր մարտերը շարունակվել են, ոչ մի րոպե չեն դադարել՝ չնայած ակտիվությունը նվազել է։ Մարտերի շարունակումը կախված է նրանից, որ դիվերսիոն խմբերը, որոնք գտնվում են Շուշի քաղաքի հարակից անտառներում, համայնքերում, ճանապարհներին և այլուր, փորձում են ամեն կերպ որոշակի խնդիրներ լուծել։ Առավոտյան մարտերը շարունակվել են ավելի թեժ՝ հրետանու կիրառությամբ։ Օրվա ընթացքում նաև ադրբեջանական զինված ուժերը հյուսիսում, կենտրոնական ուղղությամբ, Կարմիր Շուկայի հատվածում, հարավում փորձել են փոքր խմբերով՝ հրետանու կրակի աջակցությամբ, առաջ գալ, բայց հետ են շպրտվել՝ կրելով որոշակի կորուստներ։ Ինչ վերաբերում է Շուշիի մերձակա համայնքների, անտառների, ձորակների դիվերսիոն խմբերին, վերջիններս, հիմնականում հանդիպելով մեր ԶՈՒ տարբեր ստորաբաժանումների դիմադրությանը, երկար մարտերի չեն դիմում։ Օրվա ընթացքում հաջողվել է մի քանիսին օղակել և ոչնչացնել, կորուստներ պատճառելով՝ դուրս շպրտել այդ բնագծերից»։
Ստեփանակերտը պարբերաբար հրթիռակոծվել է. ԱՀ ԱԻՊԾ
Պարբերաբար հրթիռակոծվում է Ստեփանակերտը։ Այս մասին
հայտնել է ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը: Թշնամական ուժերը ոչ թիրախային հրթիռներ են թափում Ստեփանակերտի ուղղությամբ։ Միայն վերջին մեկ ժամվա ընթացքում մայրաքաղաքում երեք անգամ հնչել է օդային տագնապի ազդանշանը։ Առայժմ տուժածների մասին տվյալներ չկան։
Շարունակվում են դիվերսիոն խմբերի հայտնաբերման և ոչնչացման գործողությունները. ՊԲ
Այսօր արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում շարունակվել են մարտական գործողությունները, որոնց ընթացքում տարբեր ուղղություններով թշնամական ուժերը ձեռնարկել են հարձակման փորձեր, որոնք ՊԲ ստորաբաժանումների ձեռնարկած քայլերի արդյունքում չեզոքացվել են: Մասնավորապես, Քարինտակի և Լիսագորի հատվածներում նկատված թշնամական փոքր խմբերը ոչնչացվել են մեր դիպուկահարների և այլ կրակային միջոցների դիպուկ կրակով: Շուշիի ուղղությամբ նկատվել է հակառակորդի զրահամեքենաների կուտակում, որը ևս ՊԲ ստորաբաժանումների ճշգրիտ կրակով ոչնչացվել է: Ներկայումս շարունակվում են դիվերսիոն խմբերի հայտնաբերման և ոչնչացման գործողությունները՝ տեղեկացնում են Արցախի ՊԲ-ից։
Հակառակորդն այսօր էլ շարունակել է թիրախավորել խաղաղ բնակավայրերը․ ԱՀ ԱԻՊԾ
«Օրվա ընթացքում թշնամական կողմը շարունակել է խաղաղ բնակավայրերի թիրախավորման իր ծրագիրը։ Մարտունիում կիրառվել է ծանր հրետանի։ Քաղաքում մեկ անգամ օդային տագնապ է հայտարարվել։ Շուշին պարբերաբար հրթիռակոծվել է «Գրադ» կայանքից։ Ավերածություններն այստեղ շատ են։ Նշանակետում դարձյալ քաղաքացիական և հանրային նշանակության օբյեկտներն են եղել։ Օրվա ընթացքում երկու անգամ Ստեփանակերտն է հրթիռակոծվել։ Բարեբախտաբար, խոշոր ավերածություններ չեն գրանցվել։ Ընդհանուր առմամբ, տուժածներ, նախնական տվյալներով, չկան»,- տեղեկացրել են ԱՀ ԱԻՊԾ-ից:
«Զինուժ մեդիայի» ռեպորտաժը՝ մարտական գեղեցկուհի Արփի Բեկյանի մասին
Համացանցի վերջին օրերի մարտական գեղեցկուհու՝ մանկավարժ, պարուսույց Արփի Բեկյանի մասին է «Զինուժ մեդիայի» պատրաստած ռեպորտաժը: Մինչև պատերազմը մարզիչ էր, մարտական գործողությունների մասին լսելուն պես զինվորագրվեց, շարք կանգնեց: Մանրամասները՝ տեսանյութում:
Արևելյան հատվածում թշնամական ուժերը հարձակման փորձ են ձեռնարկել ու հետ շպրտվել. ՊԲ
Նոյեմբերի 5-ին, ժամը 10:30-ի սահմաններում, թշնամական ուժերը արևելյան հատվածում՝ զրահապատ մեքենաների կիրառմամբ, ձեռնարկել են հարձակման փորձ: ՊԲ ստորաբաժանումների ու պահեստազորայինների գրագետ գործողությունների արդյունքում հակառակորդը, մարտադաշտում թողնելով 1 զրահամեքենա, 1 բեռնատար մեքենա և մեծ քանակությամբ կենդանի ուժ, հետ է շպրտվել: Օպերատիվ իրադրությունը շարունակում է մնալ ՊԲ վերահսկողության ներքո:
Հրետակոծվել են Բերձոր և Շուշի քաղաքները՝ հարակից բնակավայրերով. ԱՀ ԱԻՊԾ
Հրետակոծվել են Բերձոր և Շուշի քաղաքները՝ հարակից բնակավայրերով։ Այստեղ միացված է տագնապի ազդանշանը։ Տուժածների մասին առայժմ տվյալներ չկան։ Այս մասին հայտնել են ԱՀ ԱԻՊԾ-ից:
Հակառակորդի ձեռնարկած բազմակի գրոհները կասեցվել են. թշնամին կրել է մարդկային ուժի և զինտեխնիկայի լուրջ կորուստներ
Նոյեմբերի 4-ի լույս 5-ի գիշերը ճակատային գծի բոլոր ուղղություններում հարաբերական կայուն լարվածությունը պահպանվել է: Թշնամական ուժերը առանձնակի ակտիվություն են դրսևորել արևելյան, հարավարևելյան ու հարավային ուղղություններում: Հակառակորդի գրոհային խմբերի ձեռնարկած բազմակի գրոհները ՊԲ ստորաբաժանումների կողմից հաջողությամբ կասեցվել են: Թշնամին կրել է մարդկային ուժի և զինտեխնիկայի լուրջ կորուստներ։ Հակառակորդը՝ երկու գրոհային խմբերի կազմով, հարձակման փորձ է ձեռնարկել նաև հյուսիսային հատվածում, որոնք ժամանակին հավաստանշվել և ոչնչացվել են բանակային ստորաբաժանումների կողմից: Օրվա ընթացքում Արցախի խաղաղ բնակավայրերը շարունակել են մնալ թշնամական ուժերի հրթիռահրետանային կրակի թիրախային գոտում՝ հայտնել են ՊԲ-ից։
Ծանր հրետանի է կիրառվել Մարտունի քաղաքում, ամենատարբեր զինատեսակներով հրետակոծվել է Շուշին. ԱՀ ԱԻՊԾ
Կեսգիշերից հետո Արցախի խաղաղ բնակավայրերում պահպանվել է հարաբերական հանգիստ իրավիճակը։ Այս մասին հայտնում է ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը: Նշվում է, որ լուսադեմին թշնամին վերսկսել է խաղաղ բնակչության ու քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորումը։ Մասնավորապես, ծանր հրետանի է կիրառվել Մարտունի քաղաքում, և ամենատարբեր զինատեսակներով հրետակոծվել է Շուշին։