Երևանի «Ոսկե ծիրան» 17-րդ միջազգային կինոփառատոնը՝ իր «Աջակցություն կինոթատրոններին» նախագծի շրջանակներում, նոյեմբերի ընթացքում գերմանական ֆիլմերի հատուկ ծրագիր կիրականացնի, որը նվիրված կլինի Գերմանիայի վերամիավորման 30-ամյակին։
Գյոթեի ինստիտուտը և Երևանում «Գյոթե կենտրոնը» ավանդաբար աջակցում են փառատոնին, և փառատոնային բազում ծրագրեր իրականություն են դառնում հենց այդ երկու կառույցների հետ համագործակցության շնորհիվ։ Սերտ համագործակցությունը կշարունակվի նաև այս տարի, և 17-րդ փառատոնի շրջանակում գերմանական հատուկ ծրագրի ընթացքում կցուցադրվի 5 ֆիլմ։
Գերմանական ֆիլմերի ծրագիրը կբացվի գերմանացի հայտնի ռեժիսոր Քրիստիան Փեցոլդի վերջին՝ «Ունդին» ֆիլմի երևանյան պրեմիերայով։ Ֆիլմը 2020-ին ներկայացվել է Բեռլինի կինոփառատոնի մրցութային ծրագրում։ Կինոնկարի պրեմիերան տեղի կունենա նոյեմբերի 9-ին՝ ժամը 18։00-ին, «Կինոպարկ» կինոթատրոնում։
Քրիստիան Փեցոլդի «Ունդին» ֆիլմը ժամանակակից հեքիաթ է, քնքուշ սիրո խոստովանություն քաղաքին, սակայն այն նաև լուրջ անդրադարձ է կատարում Գերմանիայի և Բեռլինի պատմությանը։
Գերմանական ֆիլմերի ծրագրի շրջանակում կներկայացվեն նաև Ալլա Կովգանի «Քանինգհեմ» կինոնկարը, որը յուրատեսակ 3D վավերագրություն է պարի ասպարեզում հայտնի Մերս Քանինգհեմի մասին, Բեռլինալեում 2020-ին «Լավագույն առաջին խաղարկային ֆիլմ» մրցանակի արժանացած Մելանի Վալդեի «Մերկ կենդանիներ» ֆիլմը, Լուքաս Ռայթերի «Համբի» վավերագրական բնապահպանական կինոնկարը և սերբագերմանական համատեղ արտադրության մրցանակակիր Սրջան Գոլուբովիչի «Հայր» ֆիլմը։
Կինոցուցադրությունները տեղի կունենան նոյեմբերի 9-26-ն ընկած ժամանակահատվածում «Կինոպարկ և «ՍինեմաՍթար» կինոթատրոններում։
Որպես Գերմանական ֆիլմերի ծրագրի մաս՝ կկազմակերպվի նաև Քրիստիան Պետցոլդի հետ առցանց զրույց, որը հասանելի կլինի փառատոնի կայքում և կհեռարձակվի սոցիալական հարթակներով` ավելի լայն լսարանի համար: