Ահաբեկությունների ու բռնության սև գիծն ընդհատելու համար Ֆրանսիայի իշխանությունն արգելեց թուրքական «Գորշ գայլերի» գործունեությունը երկրում: Փարիզը զգոնության ուղերձ է հղում աշխարհին՝ Թուրքիային լռեցնելու ժամանակն է:
Ֆրանսիա-Իսպանիա սահմանն է: Այս մայրուղով ամեն օր անցնում է մոտ 35 000 տրանսպորտ: Գուցե հենց այստեղով են Ֆրանսիա մտնում նաև Եվրոպայի հանգիստը խանգարող ահաբեկիչները: Հենց այստեղից Ֆրանսիայի նախագահը հայտարարում է. սահմանների հսկողությունը կխստացնեն:
Էմանուել Մակրոն (Ֆրանսիայի նախագահ) - Մենք որոշել ենք զգալի ուժեղացնել մեր սահմանային վերահսկողությունը Շենգենյան գոտում: Ֆրանսիայի սահմանի ամբողջ երկայնքով անվտանգության ուժերը կկրկնապատկվեն՝ 2400-ից կհասնեն 4800-ի, կլինեն ոստիկաններ, ժանդարմներ և զինվորականներ: Այս որոշումը հետևեց Նիսի իրադարձություններին, որը ծնեց նոր սպառնալիքի վտանք: Բացի այդ, Շենգենյան գոտում ազատ տեղաշարժի կանոնները խիստ կվերանայենք: Եվրախորհրդին կներկայացնեմ Շենգեն վիզայի տրամադրման գործընթացի առաջին առաջարկները: Ես խորապես հավատում եմ, որ խաղի կանոնները կփոխվեն:
Անօդաչու թռչող սարքերով սահմանների հսկողությունը սեփական աչքով տեսնելու ցանկություն Մակրոնը գուցե չունենար, եթե հայերի խաղաղ ցույցերը չունենային հաշվեհարդարի շարունակություն: Լիոնի մայրուղում մուրճերով ու դանակներով թուրքերը հարձակվեցին հայերի վրա, ապա՝ Վիեն, Դիժոն, Դեսին քաղաքներում «Գորշ գայլերը» կրակոցներով փնտրեցին հայերին, Լիոնում նաև Հայաստանի հյուպատոսությունն ու Եվրոպային Ցեղասպանությունը հիշեցնող կոթողները վնասեցին: Ծայրահեղականներն արդեն ազգություն չեն ճանաչում: Հաջորդեց Նիսի եկեղեցում գլխատման ողբերգությունը: Թուրք ծայրահեղականներին՝ օրինական անակնկալ: Ժերալդ Դարմանընը հրապարակեց Ֆրանսիայի ներքին գործերի նախարարության որոշումը: Ֆրանսիայի տարածքում «Գորշ գայլերի» գործունեությունն արգելվում է: Հիմնավորեցին՝ «Գորշ գայլերը» Ֆրանսիայում փաստացի գործող, չգրանցված ընդհատակյա կազմակերպություն է: Անդամներին կասկածում են հայերի և քրդերի դեմ ծանր բռնարարքների համար:
Դենիս Ջորկաեֆ (Դեսին քաղաքի փոխքաղաքապետ)- Ֆրանսիայի կառավարությունն է պատասխանատու բոլոր պատահարների համար, եթե դրանք նույնիսկ այս որոշումից հետո լինեն, և այդ խմբավորումը որոշի վնասել մեզ: Դեսինում, երբ Հայոց ցեղասպանությանը նվիրված կոթողն ու Հայկական հիշատակի ազգային կենտրոնը վանդալիզմի ենթարկեցին, անմիջապես ոստիկանություն եկավ: Արձանագրություն կազմվեց, բայց ավելի կարևոր է, որ քաղաքացիներն ապահով լինեն:
Ֆրանսիայում հայերի անվտանգության համար առաջինը Ֆրանսիայի հայ համայնքն արձագանքեց ու բարձրաձայնեց, որոշման հիմքում նաև նախկին թուրքական վայրագություններն էին:
Թուրքիային նախազգուշացումներն այսօր նաև Ֆրանսիայի Սենատում երկրի գլխավոր դիվանագետ Լը Դրիանից էին՝ վերջ տալ պաշտոնական Փարիզի հասցեին սպառնալիք-վիրավորանքներին։ Թուրքիան իր խմբավորումներով ուզում է ցույց տալ, որ ժողովրդավարական երկրի օրենքներն իրենը չեն, բայց նրանց լռեցնելու ժամանակն է՝ վստահ են պատգամավորները:
Իզաբել Սանտյագո (Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր, Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի փոխնախագահ) - Պետք չէ հանդուրժող լինել ծայրահեղականների նկատմամբ: «Գորշ գայլերի» գործունեության դադարեցմանը պետք է հետևել օրենքի ուժով, քանի որ նախարարների խորհրդի այս որոշումը թույլ կտա, որ ոստիկաններն իրավունք ունենան օրենքի ուժով հետևել այն գործունեությանը, որով վնասում են հայերին: Սա չտեսնված բան է․ Ֆրանսիայում կարգուկանոն հաստատողը միայն ոստիկանությունն է: Իհարկե, ռիսկերը չեն վերանում, բայց, այնուամենայնիվ, ոստիկանությունը կունենա իրավական լծակներ:
Իսկ արդյոք հայերն ու հայ քաղաքական հասարակական գործիչներն այսօր վտանգի մեջ են: Երևանից զգուշության կոչ ունի նաև Փարիզի փոխքաղաքապետը:
Անուշ Թորանյան (Փարիզի փոխքաղաքապետ) - «Գորշ գայլերի» գործունեությունը դադարեցնելու մասին որոշումը ցույց է տալիս, որ քայլ առ քայլ դեմ ենք կանգնում վայրագություններին: Բայց այսօր, իսկապես, հայերը պետք է շատ զգույշ լինեն Ֆրանսիայում, և հետևեն իրենց անվտանգությանը: Եվրոպան պետք է հասկանա, որ եթե Էրդողանն ու Ալիևը հասնեն իրենց նպատակին՝ գրավեն Արցախը, հաջորդը կլինի Հայաստանը, եթե գրավեն Հայաստանը, հաջորդը կգրավեն Եվրոպան: Պետք է ուրեմն լինել շատ զգոն, քանի որ, եթե Հայաստանը Եվրոպայի օրակարգում լինի վերջինը, Ադրբեջանի ու Թուրքիայի օրակարգում առաջինն է: Զգոնության այս ուղերձը պետք է միջազգային հանրությանը շատ ճիշտ հասցնենք: Եթե նույնիսկ Հայաստանը ձեզ համար փոքր երկիր է, շատերդ նույնիսկ չգիտեք այս երկրի անունը, իմացեք, որ Հայաստանը գրավելու դեպքում իսլամիստները կմտնեն նաև ձեր տներ:
Իրենց տներին մոտենալու վտանգը Եվրոպան, կարծես թե, սկսում է հասկանալ «լավ է ուշ, քան երբեք» սկզբունքով: Ի դեպ, սա արդեն Ֆրանսիայում հայկական դպրոցների առօրյան է: