System Of A Down ռոք խումբը միավորվել և 15 տարվա դադարից հետո 2 նոր երգ է թողարկել հայրենիքի մասին՝ տեղեկացրել է խմբի մեներգիչ Սերժ Թանկյանը: Երգերը պատմում են Ադրբեջանի և Թուրքիայի կողմից Արցախի ու Հայաստանի դեմ սանձազերծված պատերազմի մասին:
Protect The Land և Genocidal Humanoidz երգերից գոյացած ողջ հասույթը խումբն ուղղելու է «Հայաստան» համահայկական հիմնադրամին: Ըստ Թանկյանի՝ երաժշտությունն ու բառերն արդեն խոսում են, պետք է, որ աշխարհը խոսի ու չլռի:
«Մենք, որպես System Of A Down, 15 տարվա ընթացքում առաջին անգամ նոր երաժշտություն ենք թողարկել: Դա անելու ժամանակը հիմա է, քանի որ միասին՝ չորսով, չափազանց կարևոր բան ունենք ասելու՝ որպես միասնական ձայն: Այս երկու երգերը՝ Protect The Land և Genocidal Humanoidz, խոսում են սարսափելի և լուրջ պատերազմի մասին, որն իրականացվում է մեր մշակութային հայրենիքների՝ Արցախի և Հայաստանի դեմ»,- գրել է Սերժ Թանկյանը:
SOAD-ի մեներգիչը նաև նշել է, որ Ադրբեջանի և Թուրքիայի կոռումպացված վարչակարգերը ոչ միայն ուզում են տիրանալ Արցախին ու Հայաստանին, այլև, օգտվելով նրանից, որ աշխարհը զբաղված է ՔՈՎԻԴ-19-ով, ընտրություններով և քաղաքացիական անկարգություններով, ցեղասպանական գործողություններ են կատարում մարդկության և բնության հանդեպ:
«Իրենց վայրագությունները իրականացնելու համար նրանք օգտվում են այն բանից, որ աշխարհը չափազանց կենտրոնացած է COVID-ի, ընտրությունների եւ քաղաքացիական անկարգությունների վրա: Մենք այստեղ ենք՝ պաշտպանելու մեր հողը, մեր մշակույթը և մեր ազգը: Աչք փակելու ժամանակը չէ»,- ասել է Սերժ Թանկյանը: