Հրթիռակոծության ձայնը արցախցուն զգոնացնում է ու ավելի վճռական դարձնում: Ստեփանակերտում մարդիկ սովորել են ապրել տագնապի ձայնի ու պայթյունների ներքո, հանդարտ ժամանակ էլ վերադառնում են նախկին կյանքին՝ բացում են խանութները ու աշխատում:
- Ճիշտն ասած, անհրաժեշտ է թեյ, մեկ էլ թեյի հետ քաղցրեղեն: Տրամադրությունը նորմալ ա, հաղթելու ենք, պիդի մի քիչ դիմանանք, էդ ա խնդիրը:
Հաղթանակի գրավականը միասնությունն է՝ ասում են քաղաքացիները: Պատերազմ է թե ոչ՝ խանութների ծանրաբեռնվածությունը չի պակասել, անգամ փաստում են, որ հիմա աշխուժությունը մեծացել է:
- Էս պահին ուզում եմ արձանագրենք էն փաստը, որ իսկապես առևտրի մեջ աճ արձանագրվել է, հիմա էլ տեսնում եք՝ հերթ է, մենք էլ արտահերթ փորձում ենք ամեն ինչ անել, որ ամբողջը բավարարենք՝ պահանջարկի հետ կապված:
- Ինչ են հիմնականում ավելի շատ գնում. հիմնականում ուտելիք՝ պանիր երշիկ, էտ ա էլի:
Մթերքի պահանջարկն էլ ավելացել է, քանի որ առևտուր են անում ոչ միայն ստեփանակերտցիները, այլև կամավորականները, լրագրողներն ու Արցախ ժամանած հյուրերը: Ստեփանակերտում վստահ են, կհաղթեն սեփական ուժերով:
- Մարդիկ տրամադրված են ոչ թե որևէ մեկից որպես ընծա ստանալ, կամ խաղաղություն մուրալ հզոր երկրներից, այլ արժանապատիվ, հաղթական ավարտ ունենալ:
- Ոնց ա, ժողովուրդը. կյամ են, քինամ են, գլավնին էն ա, որ սոված էլ մնանք, գլավնին մեր հաղթանակն ա:
Այս օրերին աշխատում են ոչ թե շահի, այլ քաղաքացիների՝ հարևանների ու բարեկամների, եղբայրների ու քույրերի համար:
Խանութի աշխատողը վստահեցնում է՝ ունեն ամեն ինչ՝ սննդից մինչև հագուստ, սպասքից մինչև ջեռուցիչ: Նուռն էլ, որպես հաղթանակի խորհրդանիշ, նկարահանող խմբին են տալիս:
- Անցած գիշեր եմ եկել, թարմ ապրանք ենք բերել, ճանապարհ չկար փակ, լոխ նորմալ էր, լոխ ամեն ինչ ունենք, ժողովուրդը գոհ, շնորհակալ:
- Ուրիշ տարբերակ չկա, հաղթել ենք, հաղթում ենք, հաղթելու ենք: