Արևիկ Գալոյան (կամավորական) - Իմ մայրական սերն ու օրհնությունը դնում եմ մեջը, ցանկանում եմ․․․ բայց սիրտս լցված է։
Հուզմունքը խանգարում է առաջնագծում կռվող զինվորի մորը ավարտել միտքը։ Ռազմաճակատին օգնելու իր կարողությունն էլ թիկունքն ամուր պահելն է, մեկ էլ՝ մայրական օրհնությունը, որ տաք ծածկոցների հետ ուղարկում է հայրենիքի պաշտպաններին։
Փարպիի գյուղապետարանի առաջին հարկն է։ Մեկ ամիս առաջ մշակույթի կենտրոն էր, հիմա՝ կարի արտել։ Կամավորների բանակն այստեղ ռազմաճակատի տղաների համար զինվորական բաճկոն, կիսաբաճկոն, անձրևանոց ու քնապարկ է կարում։ Որոշակի խմբաքանակ արդեն ուղարկել են։
Սարո Իսպիրյան (կամավորական) - Ուղարկել ենք բուշլատներ, քնապարկեր, հիմա ուզում ենք ձեռնոցներ կարել։ Էս պահին քնապարկ ենք կարում, հետո մտածում ենք շալվարներ կարելու մասին։
Տաք հագուստ ու այլ պարագաներ արտադրելու գաղափարը միավորել է տարբեր մարզերի կամավորներին։ Համացանցում արված հայտարարություններով իրար գտել, հնարավորություններն ու արտադրական փորձը մեկտեղել ու գործի են անցել։ Զինվորական հագուստ ու քնապարկ կարելու միտքը գյումրեցի Մխիթարինն է։ Ապրիլյան քառօրյային մասնակցելով՝ հասկացել է՝ զինվորը տաք հագուստի պակաս և ամուր թիկունքի կարիք միշտ ունի։
Մխիթար Մկրտչյան (կամավորական) - Մեր համար սա մեր խրամատն է, մեր բունկերը, որտեղ առավոտից իրիկուն կռիվ ենք տալիս, առանց հաց ու ջրի աշխատում են։ Ասում են՝ եթե զինվորը հաց է կերել, մենք էլ ուտենք:
Ֆինանսական կողմն ապահովում են Սփյուռքում ապրողները, իսկ Փարպիի գյուղապետարանը տարածքն է հատկացրել։ Կարի մեքենաներն ու արտադրական փորձը վարպետ Սարոյինն է։ Վարպետը դստեր՝ թատերականի ուսանողուհի Անիի հետ օր ու գիշեր ձևանմուշներ է ստեղծում՝ որակյալ ապրանք ստանալու համար։ Իրենց կարածը ոչ միայն պետք է տաք լինի, այլև՝ դիմացկուն։
Անի Իսպիրյան (կամավորական) - Ես միայն եղբայրներիս մասին չեմ մտածում, ես մտածում եմ բոլոր զինվորների մասին, նրանց շնորհիվ է, որ ապրում ենք․․
Կամավորներին է միացել նաև արցախցի Գարիկը։ Կուզեր, որ եղբայրների հետ առաջնագծում լիներ, բայց հիվանդությունը թույլ չտվեց։ Ստիպված միացավ թիկունքին։ Այստեղ՝ արտելում, ոչ ոք նրա պես կարի մեքենաներից գլուխ չի հանում։ Ինչ անսարքություն էլ լինի՝ մի քանի ժամում նորոգում է։ Թիմը կարի արտադրամասեր է ստեղծել նաև այլ մարզերում։ Ցանցային արտադրությունն ընդլայնելու միտում ունեն։ Պատվերները շատանում են, կամավորների հերթերը՝ ավելանում։ Առաջիկայում նաև զրահաբաճկոն են կարելու: Փարպիում մտածում են երկրորդ արտելը հիմնելու մասին, միայն թե արտադրական նյութի պակաս ունեն։
Արտաշես Մկրտչյան (Փարպիի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար) - Ներքնաշորեր կկարենք, էս երկու օրը գումարը կլինի։
Արցախյան առաջին պատերազմին 15 մահապարտ տված գյուղում հիմա բոլորն են կամավոր․ մի մասը ռազմաճակատում, մյուսները՝ թիկունքում։ Թիկունքում գտնվողներն օրը մի քանի անգամ գալիս են արհեստանոց, աշխատողների որպիսությունը հարցնում, սնունդ ու տրամադրություն բերում և չեն մոռանում հիշեցնել ամենակարևորի մասին՝ հաղթելու ենք: