Կեսօրին տագնապի ազդանշանը Բերձորում և Շուշիում զգուշացրեց՝ թշնամին հրետակոծում է քաղաքներն ու մոտ բնակավայրերը։ Արցախի խաղաղ բնակչության ու քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորումը Ադրբեջանը սկսել է լուսադեմին՝ ծանր հրետանիով Մարտունի քաղաքում և տարբեր զինատեսակներով կրկին հրետակոծել՝ Շուշին։
Իսկ սահմանին թշնամական ուժերը առավոտյան արևելյան հատվածում զրահապատ մեքենաներով ձեռնարկել են հարձակման փորձ: Մեր ստորաբաժանումների ու պահեստազորայինների շնորհիվ՝ հակառակորդը մարտադաշտում թողել է 1 զրահամեքենա, 1 բեռնատար մեքենա, մեծ քանակությամբ կենդանի ուժ, հետ է շպրտվել: Իսկ գիշերը թշնամին առանձնակի ակտիվ է եղել արևելյան, հարավարևելյան ու հարավային ուղղություններում: Բազում գրոհները հաջողությամբ կասեցրել են պաշտպանության բանակի ստորաբաժանումները:
Թշնամին մարդկային ուժի և զինտեխնիկայի լուրջ կորուստներով երկու գրոհային խմբերով հարձակման փորձ է արել նաև հյուսիսային հատվածում, մերոնք ժամանակին նկատել, ոչնչացրել են հակառակորդին: Այս պահին էլ թշնամական ուժերը հարձակման փորձերը շարունակում են, իսկ պաշտպանության բանակի ստորաբաժանումները վերահսկում են օպերատիվ-մարտավարական դրությունը ճակատային գծի ամբողջ երկայնքով:
Բերդաքաղաք Շուշիի պաշտպաններն են... Հնարավորն ու անհնարինը մեր տղաները տեղում անում են՝ թշնամու բազմաքանակ ուժերի դեմ մեր պայքարի համար: Արցախի նախագահը մեր ռազմավարությունը քննարկել, «Արցախի հերոս» գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանին հատուկ շնորհակալություն է հայտնել Արայիկ Հարությունյանը:
Այսօր հայտնի են նաև նոր քաջերի անուններ: Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողություններին ցուցաբերած արիության ու խիզախության համար Արցախի նախագահի հրամանագրով «Արիության համար» մեդալով հետմահու պարգևատրվել են Արցախի ոստիկանության ծառայողներ՝ Գագիկ Պետրոսյանը, Գարիկ Դոլուխանյանը, Արսեն Հարությունյանը, Տիգրան Պետրոսյանը, Գևորգ Կիրակոսյանը, Բենիկ Համբարձումյանը, Հրայր Դանիելյանը, Արեն Ասրյանը, Շիրակ Համբարձումյանը և Իգոր Պողոսյանը:
Եվ պատերազմի մեկնարկից թշնամու կորուստների վերջին տվյալները թվերով՝ 7290 զոհ, 257 անօդաչու թռչող սարք, 16 ուղղաթիռ, 25 ինքնաթիռ, 723 զրահատեխնիկա և 6 ՏՕՍ: