Արցախի և Հայաստանի խաղաղ բնակավայրերի նկատմամբ հարձակումները կրում են թիրախային բնույթ: Հատկապես Արցախի դեպքում ամեն ինչ ակնհայտ է: Պատերազմի առաջին օրերից նաև Հայաստանի Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի մի քանի համայնք դարձավ հրթիռային հարձակումների թիրախ: Սկզբում Երիցվանք, Արծվանիկ, հետո նաև Դավիթ Բեկ, Ագարակ գյուղերի նկատմամբ հարձակումներից զոհվեց մեկ, վիրավորվեց երկու խաղաղ բնակիչ:
Արման Թաթոյան (ՀՀ մարդու իրավունքների պաշտպան) - Եթե խոսքը սկզբում կաստետային զինատեսակների մասին էր, հիմա արդեն քիմիական տարրեր պարունակող զանգվածային ոչնչացման զենքի օգտագործման մասին է:
Կարևոր գործոն է ատելության խոսքը, որն առաջին օրվանից զանգվածային բնույթ է կրում: Անհերքելի է՝ Ադրբեջանում հայատյացությունն ունի պետական աջակցություն, խրախուսվում է պետական մակարդակով: Թաթոյանը միջազգային գործընկերներին այս ընթացքում բազմիցս է զգուշացրել՝ ատելությունը բերելու է նոր դաժանություններ:
Արման Թաթոյան - Ադրբեջանի զինված ուժերը մուտք են գործում մեր գերիների սոցիալական էջեր, տիրանում են ապօրինաբար գաղտնաբառերին, սկսում են կառավարել այդ էջերը, մեկ էլ մի պահից սկսած տեսնում ես այդ էջերով գովերգվում է Ադրբեջանը, քննադատվում Հայաստանը:
Օրեցօր շատանում են դաժանություն պարունակող տեսանյութերը, որոնք ուղարկվում են հայկական օգտատերերին: Ըստ Թաթոյանի՝ սա կազմակերպված բնույթ է կրում: Փաստացի ապացույցը Հադրութի մեր երկու հայրենակցի դաժան սպանությունն էր, տարածվում էր կոնկրետ աղբյուրից: Ավելի ուշ Ադրբեջանի ՊՆ-ն, հասկանալով, որ փաստի առջև են կանգնելու, հեռացրին, հետո հայտարարեցին՝ իրենք չեն:
Արման Թաթոյան - Մենք իրենց տիրույթն էլ արդեն լավ գիտենք, որ էջերն են, որ խմբերն են, դրանք այնտեղ հրապարակվում է միանգամից, արժանանում հանրային մեծ գովերգման:
Անհերքելի է ահաբեկիչների առկայությունը ռազմաճակատում: Մարդու իրավունքների պաշտպանը միջազգային գործընկերներին զգուշացրել է՝ նրանք պատրաստվում են այլ երկրներում ևս ահաբեկչություններ կատարել: Միջազգային հանրության համար սա զգաստանալու և գործելու ուղերձ է:
Արման Թաթոյան - Ակնհայտ է դառնում, որ խոսքը էթնիկ զտումների մասին է, որը ցեղասպանության հատկանիշներով է ուղեկցվում, տեռորիստական խմբավորումներով:
Մի բան ակնհայտ է՝ միջազգային կառույցների արձագանքը համաչափ չէ: Թաթոյանը ցավով է նշում՝ քաղաքական պատճառները գերակայում են մարդու իրավունքների նկատմամբ: ՄԱԿ-ը, Եվրախորհուրդը ստեղծվել են մարդու իրավունքները պաշտպանելու համար: Ո՞վ է հռչակել սկզբունքը՝ որևէ մեկը չպետք է հայտնվի եզրագծում, և որևէ իրավունք չպետք է անտեսվի: Սա ՄԱԿ-ի՝ մինչև 2030 թվականը հռչակած սկզբունքներից է:
Արման Թաթոյան - Մենք հարցադրում ենք անում՝ որևէ մեկը չեղարկե՞լ է ապրելու իրավունքը Արցախում, որևէ մեկը չեղարկե՞լ է երեխայի իրավունքը, որևէ մեկը չեղարկե՞լ է կնոջ իրավունքը՝ դաստիարակելու երեխային խաղաղ երկնքի տակ, մեր կոչն է՝ այցելեք Արցախ:
2016-ի ապրիլյանից հետո ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարը ի լուր աշխարհի հայտնեց՝ լսել ենք, որ Արցախում մարդկանց իրավունքները խախտվել են: Ցավոք սրտի, չենք կարող գնալ և հաստատել դեպքերը: Արցախի այդ ժամանակվա ՄԻՊ-ը նամակ գրեց՝ հրավիրելով Արցախ: Բնականաբար ոչ ոք չեկավ: Հիմա էլ Արցախի ՄԻՊ-ը ի լուր աշխարհի է ասում՝ եկեք Արցախ:
Արման Թաթոյան - Նպատակը ո՞րն է. ցույց տանք, որ մեր ժողովրդավարական ինստիտուտները կայացած են, ոչ թե Ադրբեջանում ամեն ինչ արտատպել, ինչ որ մենք անում ենք, այդ թվում ՄԻՊ-ը՝ սկսած մեր զեկույցներից:
Ադրբեջանի ձեռագիրն անփոփոխ է. խաղաղ բնակչությանը սպանում են՝ ներկայացնելով դիվերսանտ: Մարդու իրավունքների պաշտպանը նորից է կոչ անում՝ եկեք Արցախ, ինքներդ արձանագրեք իրականությունը: Կհամարձակվեք խոսել անմարդկային իրականությունից, թե ոչ՝ ձեր խղճի հարցն է: