Պատերազմը սկսվելուց անմիջապես հետո երրորդ երկրներից ու ԵԱՏՄ-ից Հայաստան է գալիս հումանիտար օգնություն. բժշկական սարքեր, դեղորայք, սնունդ, հագուստ ու նաև զինվորական պարագաներ: Մաքսային մարմիններն ու իրավասու պետական մարմինները՝ առողջապահության, արտակարգ իրավիճակների, պաշտպանության ու տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունները դրանք բաշխում են կենտրոնացված կարգով:
Արտեմ Կարապետյան (ՀՀ ՊԵԿ մաքսային հսկողության վարչության պետ) - Մաքսային մարմինները օգնության բաշխման գործընթացում ընդամենը օղակ են սահմանին, որն իրականացնում է ապրանքների ներմուծման գործընթացի կազմակերպողը, և էդ իրավասու պետական մարմիններին բեռները հասցնելու միջանկյալ օղակն ա:
Աշխատանքը շուրջօրյա է, փորձում են արագ կազմակերպել ապրանքի բացթողնման գործընթացը: Օրենքի պահանջն է, որ երրորդ երկրից եկած ապրանքը պետք է անցնի մաքսային ձևակերպում: Ստացողները հաճախ մաքսային մարմիններին հորդորում են ձևակերպում չանել՝ օգնությունն արագ ռազմաճակատ հասցնելու համար:
Արտեմ Կարապետյան - Սահմանված կարգ կա, մանավանդ ռազմաճակատ գնացող ապրանքի համար խոր ուսումնասիրություն պետք է արվի՝ ինչ տիպի ապրանք ա, ոնց ա գնում, ժամանակատարություն կարող է լինի, բայց անում են առավելագույնը, որ արագ ավարտենք:
Շատ դեպքերում բեռներն ուղեկցվում են առանց փաստաթղթերի, ինչը հայտարարագրումն արագ իրականացնելու համար առաջացնում է խնդիրներ, և մաքսավորները ստիպված են լինում նախ գույքագրել ներմուծված ապրանքը:
Արտեմ Կարապետյան - Անգամ չեն ունենում ապրանքների ցանկը, ստիպված ենք լինում բացել, հատ առ հատ նայել, գործընթացն է երկար, մաքսային մարմիններին բացթողնման համար անհրաժեշտ են րոպեներ, մեզ ընդամենը պետք ա էդ ցանկը հայտարարագրի տեսքով ներկայացվի, մաքսային միջնորդներին խնդրում, օգնում են, տեսուչներն էլ օգնում են։
Հրաժարում՝ հօգուտ պետության ընթացակարգով՝ անհատներն ու իրավաբանական անձինք, որոնց անունով եկել է բեռը, կարող են հրաժարվել օգնությունից, և այն Արցախ կուղարկվի կենտրոնացված՝ ըստ անհրաժեշտության:
Արտեմ Կարապետյան - ԵԱՏՄ-ից եկած բեռների հետ հեշտ է, մաքսային ձևակերպումներ չեն անցկացվում, բաց է թողնվում սահմանից, մինչև հաջորդ ամսվա 20-ը բեռները ստացողները պետք է հարկային մարմիններին հաշվետվություն ներկայացնեն, և առաջանում են հարկային պարտավորություններ:
Սահմանվել է ԵԱՏՄ-ից որպես օգնություն Հայաստան մտնող ապրանքների ցանկը: Դրանք մաքսային ձևակերպում չեն անցնում: Իսկ հարկային արտոնություն տրվում է, եթե ներմուծողներն օգնությունը փոխանցել են դրանք բաշխող պետական մարմիններին: Երրորդ երկրից ստացվող բեռների վերաբերյալ մաքսային հսկողության վարչության պետը վստահեցնում է՝ որոշակի սահմանափակումն ինքնանպատակ չէ. օգնությունն անհրաժեշտ է ուղղել այնտեղ, որտեղ դրա կարիքն այս պահին կա: