Քանի դեռ Ադրբեջանը զգում է Թուրքիայի աջակցությունը, կանգ չի առնելու: Համոզմունքը Նիդեռլանդների Սոցիալիստական կուսակցության անդամինն է: Նրա հետ «Լուրերի» տաղավարում զրուցել է Սոնա Աղբալյանը:
- Բարի երեկո, պարո՛ն Բոմել, շնորհակալ եմ ժամանակ հատկացնելու համար։ Այս անգամ կարողացա՞ք գնալ Արցախ և եթե ոչ՝ որո՞նք էին պատճառները:
- Այս անգամ չկարողացանք մեկնել Արցախ, բայց Հայաստանում եղել եմ մի քանի անգամ, իսկ Արցախում եղել եմ 2015-ին: Այս անգամ եղա Գորիսում, խոսել եմ տեղահանվածների հետ, առաջին ձեռքից լսեցի մարդկանց պատմությունները, որ ստիպված են եղել լքել տունը ռմբակոծությունների, ավերածությունների պատճառով:
- 2015-ի և 2020-ի արցախների տարբերությունը ո՞րն էր: Այս անգամ դուք դժոխքի ականատեսը եղաք, այն ժամանակ ինչ վիճակ էր:
- Իմ այցի ժամանակ խաղաղ էր, հանգիստ, մարդիկ իրենց գործով էին զբաղված, լարվածություն չկար, չկային ռազմական հանցագործություններ: Մարդիկ լավ ապագայի հույս ունեին իրենց և իրենց երեխաների համար: Հիմա եղա Գորիսում ու խոսեցի ընտանիքների հետ, որ թողել էին ամեն ինչ Արցախում, վերցրել երեխաներին ու եկել: Նրանց ամուսիններն առաջին գծում են, որ պաշտպանեն իրենց տունը: Կանայք ու երեխաները եկել են Հայաստան, նրանց մի մասը չունի կրթություն ստանալու հնարավորություն, ծնողներն ապրում են հույսով, որ մի օր վերադառնալու են Արցախ:
- Նիդեռլանդները քիչ երկրներից է, որ դատապարտել է թուրք-ադրբեջանական ագրեսիան հարձակման հենց առաջին օրերից: Նույնիսկ դատապարտող բանաձևեր ընդունեցիք: Ուրիշ ի՞նչ նախաձեռնություններ ունեք: Քննարկո՞ւմ եք Արցախի ճանաչման տարբերակը:
- Առաջին հերթին պետք է հասնել հրադադարի, իսկ դա կարելի է անել միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ, մենք պետք է դիմենք Մինսկի խմբի գործընկերներին:
Ֆրանսիան շատ լավ գործ է անում այս առումով, նաև պետք է ԱՄՆ-ին և Ռուսաստանին դիմել, որ նորից նստեն սեղանի շուրջ և համաձայնեցնեն հրադադարը: Հաջորդ քայլը, որ պետք է անի Նիդեռլանդները, Թուրքիային դիմելն է, որ ՆԱՏՕ-ի կարևոր անդամ Է, նույնը պետք է լինի ԵՄ-ի դեպքում, որովհետև Թուրքիան դեռ ԵՄ անդամ դառնալ հավակնող թեկնածուների ցանկում է: Այս իրավիճակը փչացնողը Թուրքիան է, որ աջակցում է Ադրբեջանին և հրահրում բռնություն, ինչն էլ հանգեցնում է ցեղասպանության, էթնիկ զտումների: Այս անգամ մենք չենք կարող հեռվից հետևել, թե ինչպես է այս տարածքի բնակչությունը ենթարկվում էթնիկ զտման: Դա չափազանց անբարո կլինի:
- Ձեր այցի ընթացքում դուք ականատեսը եղաք, որ Ադրբեջանը քիմիական զենք կիրառեց, ավելի կոնկրետ՝ սպիտակ ֆոսֆոր: Իհարկե, առաջին անգամը չէ, որ Ադրբեջանն արգելված զինատեսակ է օգտագործում, թվում է, թե աշխարհն օրեր անց էլի փակել է աչքերը սրա վրա: Ի՞նչ եք կարծում, ինչ կարող եք անել Դուք կամ Ձեր երկիրը, որ աշխարհը լսի տառապող արցախցիների ձայնը:
- Անձամբ չտեսա,բայց տեսա տեսանյութեր, տեսա այնտեղից եկածների՝ իրենց ձեռքով նկարածները: Սա շատ լուրջ է: Միջազգային հանրությունը, նաև՝ Նիդեռլանդները պետք է հնչեցնեն այս հարցը, Ֆրանսիան ունի ռազմական հանցագործության, Սիրիայից վարձկանների առկայության, գլխատումների մասին շատ կարևոր վկայություններ։ Կարծում եմ՝ մենք էլ պետք է Ֆրանսիայի հետ աշխատենք, նաև՝ Եվրամիության ներսում, որ աշխարհին ցույց տանք, թե ինչ է կատարվել և պահանջենք Ադրբեջանից ու Թուրքիայից պահել հրադադարը՝ այնպես, որ մարդասիրական օգնությունը հնարավոր լինի ուղարկել Արցախ: Այդ հարցում դեր կարող են ունենալ Եվրամիությունը, նաև Նիդեռլանդները: Բայց արցախցիների ավելի լավ կյանքի առաջին անհրաժեշտ նախապայմանը հրադադարի հաստատումն է և հենց հիմա:
- Այստեղ մեկ այլ խնդրի ենք առերեսվում: Ադրբեջանը ֆեյքնյուզ է տարածում, և մեզ համար ավելի դժվար է դառնում աշխարհին ցույց տալ, թե որն է ճշմարտությունը: Հավանաբար, Նիդեռլանդներն էլ է բախվել իրական լուրը կեղծ լուրից տարբերակելու խնդրին: Ի՞նչ խորհուրդ կտաք․ ինչպես լսելի դարձնել աշխարհին իրականությունը, ինչպես ստիպել օգտագործել մոնիտորինգի մեխանիզմներ:
- Ճիշտ եք, սա լրջագույն խնդիր է, Թուրքիայից ու Ադրբեջանից կեղծ լուրեր են տարածվում, նույն խնդրին հաճախ ենք առնչվել նաև Նիդեռլանդներում՝ ոչ թե հենց այս հակամարտության թեմայով, այլ դրա պատմության առումով: Այս ամբողջ ընթացքում նրանք խեղաթյուրում են պատմությունը : Կարծում եմ, որ Արցախի ժողովուրդը պետք է դիմի Հայաստանի և աշխարհի հայերին, նրանք ամբողջ աշխարհում, հատկապես Սփյուռքի միջոցով պետք է բարձրաձայնեն սրա մասին: Սոցիալական մեդիան կարող է շատ հզոր գործիք դառնալ, եթե այն օգտագործեն աշխարհասփյուռ միլիոնավոր հայերը: Սփյուռքի հայերը պետք է դիմեն իրենց խորհրդարանականներին, գրեն հոդվածներ, որ աշխարհն իմանա, թե ինչ է կատարվում հենց հիմա Արցախում:
Համոզված եմ, որ Նիդեռլանդներում շատերը չգիտեն այս հակամարտության պատմությունը, և հոլանդացիները միակ ազգը չեն, որ տեղյակ չեն, հատկապես եվրոպացիները շատ քիչ բան գիտեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին: Մեր պատվիրակության այցի նպատակը հենց դա է. պատմել մեր երկրներին ՝ Իսպանիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, թե որն է իրականությունը:Գիտեմ, որ Սփյուռքում շատերն են զբաղվում դրանով, բայց հիմա աշխարհի բոլոր հայերը պետք է իրենց Հայաստանի դեսպանները համարեն:
- Ո՞րն է այս հակամարտության լուծումը: Քաղաքական որևէ լուծում հավանակա՞ն եք համարում:
- Առաջին հերթին, չկա ռազմական լուծում: Որովհետև մենք տեսնում ենք, որ Ռուսաստանը հարաբերություններ ունի Հայաստանի հետ, Թուրքիան հիմա հրահրում է Ադրբեջանին դիմել ռազմական գործողությունների, դրա համար չպետք է լինի ռազմական լուծում, եթե, իհարկե, էթնիկ զտումը չեք համարում ռազմական լուծում: Վստահ եմ, որ ո՛չ ՄԱԿ-ը, ո՛չ ԵԱՀԿ Մինսկի խումբը, ո՛չ էլ ԵՄ-ն չեն ընդունի ռազմական լուծում: Հետևաբար, միակ լուծումը բանակցությունների սեղանի շուրջ է: Այս առումով կարևոր դերը Մինսկի խմբինն է։ Այնպես որ, մենք պետք է աջակցենք այդ գործընթացին: Բայց, առաջին հերթին, պետք է միջնորդել, որ հրադադար լինի, որ թույլատրվի մարդասիրական օգնությունը հասցնել Արցախ: ԵՄ-ի և ԵԱՀԿ-ի դերն այստեղ կարևոր է․ նրանք կարող են օգնել, և, էական չէ, արդյոք ունե՞ն այդ մանդատը, թե՞ ոչ՝ մարդասիրական օգնություն և հրադադար պետք է կազմակերպել որքան հնարավոր է շուտ:
Բայց դուք տեսաք, որ շատ երկրներ վերահաստատեցին, որ Թուրքիան Սիրիայից բերված վարձկան-ահաբեկիչներ է ուղարկել՝ կռվելու Լեռնային Ղարաբաղի դեմ, բայց առայժմ որևէ պատժամիջոց Թուրքիայի նկատմամբ չի կիրառվել: Ի՞նչ եք կարծում, այս դեպքում ինչպես կարող ենք միջազգային հանրությունից որևէ լուծում ակնկալել: Բացարձակ անընդունելի է, որ Թուրքիան վարձկաններ է ուղարկում, նույնքան անընդունելի է, որ ՆԱՏՕ-ի գործընկերները Թուրքիային զենք են մատակարարում և դեր են ստանձնում այս հակամարտությունում: ՆԱՏՕ-ն և ՆԱՏՕ-ի անդամ մյուս երկրները պետք է դիմեն Թուրքիային, որովհետև Թուրքիան նորից ներգրավվում է նոր հակամարտությունում՝ ինչպես արել է իրեն շրջապատող մի քանի այլ երկրում, օրինակ՝ Սիրիայում: Այնպես որ, բոլորը պետք է համատեղ աշխատեն այս հակամարտությանը վերջ տալու համար: Սա է առաջին քայլը: Որովհետև քանի դեռ Ադրբեջանը զգում է Թուրքիայի աջակցությունը, կանգ չի առնելու:
- Ո՞րն է Ձեր ուղերձն աշխարհին, միջազգային հանրությանը և հենց Ձեր երկրի՝ Նիդեռլանդների ղեկավարությանը:
-Կարևոր է ձեռք բերել ճիշտ տեղեկությունները և պատրաստվել այս համակարտության հաջորդ փուլին: Դա լոբբիստական աշխատանք է, որ պետք է ստիպի միջազգային դիտորդներին գալ և հետևել հրադադարի պահպանմանը, մարդասիրական կառույցները պետք է պատրաստ լինեն օգնություն տրամադրել Արցախին: Ձմեռը մոտենում է, դա շատ կարևոր է լինելու: Հումանիտար կազմակերպությունները պետք է բոլոր ջանքները ներդնեն Արցախին օգնելու համար:
- Շնորհակալ եմ: