Արցախում պատերազմ է, և Դանիել Դեքերը դարձյալ Հայաստանում է, արդեն որերորդ անգամ, հաշիվը վաղուց կորցրել է: Եկել է սատարելու Հայաստանին ու Արցախին: Ընկերները զգուշացնում էին` խելահեղություն կլինի գնալը, բայց սիրտս, ասում է, Հայաստանի հետ էր: Պուերտոռիկական ծագումով ամերիկացի երգիչ-երաժիշտը 2015-ի ապրիլի 24-ից Հայաստանի քաղաքացի է և հայերի մասին խոսելիս ասում է՝ մենք:
Դանիել Դեքեր (երգիչ, երաժիշտ) - Մեր վարչապետ Փաշինյանն ասաց, որ մենք գոյութենական վտանգի առաջ ենք: Թշնամին միայն մեր հողը չի ուզում: Նրանք մեր կյանքերն են ուզում: Նրանք ուզում են վերացնել հայ ժողովրդին երկրի երեսից, որպեսզի կառուցեն իրենց կայսրությունը, բայց միասին մենք ուժեղ ենք:
Մանկության հուշերը պրպտելիս բացահայտել է, որ Հայաստան անունն առաջին անգամ լսել է իրեն անհայտ, հեռու մի պատերազմի ու Լեռնային Ղարաբաղի մասին ռեպորտաժում: Երբեք չէր պատկերացնի, որ տարիներ անց այն կվերածվի անձնական փորձառության և ճակատագրի: 2001-ին էր,որ Արա Գևորգյանի հետ գործակցությամբ ստեղծվեց «Մուշ» երգը, հետո Հայոց ցեղասպանությանը նվիրված «Ադանան» էր,իսկ 2010-ին թողարկած ձայնասկավառակը կոչեց «Հայ եմ իմ ընտրությամբ»:
Դանիել Դեքեր - Եվ ես սիրեցի Հայաստանը: Ես սկսեցի ինձ նույնականացնել հայ ժողովրդի հետ: 2015-ին ես որոշեցի ամենակարևոր քայլը կատարել` դառնալ ՀՀ քաղաքացի: Ապրիլի 24-ին, երբ մենք ոգեկոչում էինք Ցեղասպանության զոհերի հիշատակը, ես դարձա ՀՀ քաղաքացի:
Մի քանի ամիս առաջ հայ ընկերներիս հետ քննարկում էի Հայաստան հերթական այցը, երբ կորոնավիրուսը նահանջի, և օդային ճանապարհը բացվի: Բայց սկսվեց պատերազմը:
Դանիել Դեքեր - Հետո ես տեսա Ալբերտ Հովհաննիսյանի լուսանկարները հրանոթի կողքին: Երբ ես դա տեսա, ասացի` նա Հերոս է, հայ ժողովուրդը պետք է հպարտանա նրանով: Սակայն օրեր անց իմացա, որ ադրբեջանցիները սպանել են նրան: Եվ ես շատ բարկացա ու որոշեցի, որ պետք է գամ Հայաստան: Ես պետք է կանգնեմ Արցախի ու Հայաստանի հայերի կողքին և ասեմ` չհանձնվեք: Մենք միասին ենք կռվելու: Մենք ունենք Սփյուռքի միլիոնավոր հայերին: Եվ այս պահին մենք արևմտահայ կամ արևելահայ չենք, մեր ազգանունը տարբեր կերպ չի գրվում, մենք պարսկահայ, ֆրանսահայ, արգենտինահայ ու ամերիկահայ չենք, մենք ՀԱՅ ենք: Եվ մենք պիտի համախմբվենք, միաձայն լինենք, չվախենանք, չնահանջենք, լինենք անվախ, ուժեղ ու վճռական և ասենք՝ մենք չենք հանձնվելու:
2017-ին, երբ Դեքերը համերգաշարով Շուշիում էր, կատարեց Արցախի հերոսներին նվիրված «Իմ Արցախ» երգը: Կարծում է, որ այսօր ճիշտ պահն է վերապատմելու Արցախի հերոսների պատմությունը, և նոր տեսահոլովակը օրերս պատրաստ կլինի: Հպարտ է այս երգով և իր ընտրած ժողովրդով, որի հաղթանակին վայրկյան իսկ չի կասկածում:
Դանիել Դեքեր - Մենք չենք հանձնվի: Մենք կարող ենք հաղթել: Մենք պիտի հաղթենք: Մենք կհաղթենք: Հաղթելու ենք: Արցախը, Արցախի մարդիկ արժանի են և ունեն իրավունք՝ որոշելու, թե ինչպես են ապրելու իրենք: Մենք կպաշտպանենք այդ իրավունքը, մինչև կհաղթենք: Մենք չենք փախչի: Մենք չենք վախենա: Ես դիմում եմ յուրաքանչյուր հային՝ այս պահին ոտքի կանգնեք, թող ձեր ձայնը բարձր հնչի, ուժեղ եղեք, եղեք այն Հերոսը, որ դուք կարող եք լինել, որովհետև մենք Հերոսների ազգ ենք: Միանշանակ: