Ստեփանակերտցի Մարիամն ու Մերին Արցախի մասին են արտասանում ու նկարում, նաև` մայրիկի հետ մայրենիի ուղղագրական բառացանկ են կազմել, որ չմոռանան: Մոտ մեկ ամիս է՝ հեռու են ծննդավայրից:
Պատերազմի առաջին օրերից Արցախի տարբեր բնակավայրերից տասնյակ ընտանիքներ ապաստանել են Դիլիջանում: Գրեթե մեկ ամիս՝ տասը ընտանիքի, 40 հոգու՝ կանանց և երեխաների, իր հարկի տակ է առել «Հաղարծին» հանգստյան համալիրը:
Արմինե Աբգարյան (Հաղարծին» հանգստյան համալիրի մենեջեր) - Ե՛վ սննդի, և՛ սենյակների, երեխաների խնամքի՝ ամեն ինչը կազմակերպվում է: Երեխաների համար հրավիրում ենք հեքիաթի հերոսներ, փոքրիկ երեկույթներ և՛ երեխաների, և՛ մեծերի համար: Ինչով կարողանում՝ օգնում ենք, իհարկե, մարզպետարանի և համայնքապետարանի հետ համատեղ:
Ուշադրության պակաս չեն զգում, բայց Հաթերք գյուղից տիկին Ռայան տեղը չի գտնում: Ուզում է օր առաջ գյուղ վերադառնալ: Եկել է երկու հարսների, թոռան ու ծոռան հետ: Թոռներն առաջնագծում են, զոհ ունեն, ամեն օր աղոթում է մյուսների համար:
Ռայա Առուշանյան (ԱՀ Հաթերք գյուղի բնակիչ) - Ամեն գործ էլ արել եմ, տուն եմ տրել… տղես պատերազմի հաշմանդամ ա, թոռս էս պատերազմում մահացել ա, մի ամիս չկա... մանկապարտեզը էրալ են, սադերը էրալ են, գյուղերը էրալ են: Հայի պահանջն ի՞նչ ա` մեզ իրավունք չունի՞նք մեր հողումն ապրինք: Մեր իրավունքը մեզ տան, մեր պահանջը դա ա, էս բոլորի պահանջը դա ա:
Մարտունու շրջանից Լյուբան ամեն ինչ թողել, եկել է երկու երեխայի հետ, ամուսինը երկու որդիների հետ կռիվ է տալիս հայրենի հող ու ջրի համար, մեկը վիրավորվել, հիմա ապաքինվում է: Ինքն այստեղ, սիրտը՝ այնտեղ:
Լյուբա Աբգարյան (ԱՀ Մարտունու շրջանի բնակիչ) - Ո՛չ հարստություն, ո՛չ շոր, ո՛չ հաց, ոչ մի բան՝ էնքան որ գնանք մեր տունը, խաղաղություն լինի:
Սիրտս կտոր-կտոր է լինում, հարազատ դպրոցս Ստեփանակերտում ավերվել է ռմբակոծությունից՝ ցավով ասում է ուսուցչուհի Նաիրուհի Գևորգյանը, կարոտել է իր 27 աշակերտներին, նրանց հետ կապը հեռախոսային է.
Նաիրուհի Գևորգյան (ուսուցչուհի) - Մենք պատրաստ ենք նույնիսկ նկուղներում դասավանդել, ճիշտ է, մեզ էստեղ շատ լավ են ընդունում, բայց մենք մեր տունն ենք ուզում, ուզում ենք՝ պատերազմը շուտ վերջանա:
9-ամյա Մարիամը իր և բոլորի ցանկությունը նկարել էր. «Տունը նկարել եմ, որովհետև շատ եմ ուզում տուն գնալ»: