Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը նոյեմբերի 5-ին ընդունել է Արցախ այցելած Իսպանիայի պատգամավորների կոնգրեսի անդամ Ջոն Ինյարիտուին և մի խումբ արտասահմանցի լրագրողների:
Պաշտպանը նրանց է ներկայացրել ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար աղետի հետևանքները, ինչպես նաև Մարդու իրավունքների պաշտպանի փաստահավաք առաքելության ընթացքում հավաքագրված փաստերը՝ ադրբեջանական զինված ուժերի վայրագությունների և պատերազմական հանցագործությունների վերաբերյալ:
Պաշտպանն ընդգծել է, որ տարիների ընթացքում Ադրբեջանի կողմից Արցախի մեկուսացումը և միջազգային հանրության խրախուսող անգործությունն այդ ուղղությամբ Ադրբեջանի համար անպատժելիության մթնոլորտ են ձևավորել: Ադրբեջանը բացահայտ թիրախավորում է քաղաքացիական բնակավայրերն ու խաղաղ բնակչությանը, անմարդկային վերաբերմունք է ցուցաբերում հայ ռազմագերիների ու դիակների նկատմամբ՝ վստահ լինելով, որ միջազգային հանրությունը կրկին համարժեք չի արձագանքելու այդ պատերազմական հանցագործություններին:
Ուստի, անհրաժեշտ է, որ միջազգային կազմակերպություններն ու իրավապաշտպան համայնքն օր առաջ ներկայացված լինեն Արցախում և լիարժեքորեն իրականացնեն մարդու իրավունքների պաշտպանության իրենց առաքելությունը:
Իսպանացի պատգամավոր Ջոն Ինյարիտուն նշել է, որ աջակցում է Արցախի ժողովրդի պայքարին և պատրաստակամություն է հայտնել Իսպանիայում և ԵՄ տարբեր քաղաքական հարթակներում բարձրաձայնելու Արցախի ժողովրդի իրավունքների անվերապահ պաշտպանության անհրաժեշտության մասին: