Մենք այսօր մեկ լրջագույն մարտահրավեր ունենք մեր առջև՝ Թուրքիայի ագրեսիվ քաղաքականությունը: Այդ մասին խորհրդարանում 2021 թվականի բյուջեի քննարկմանն ասաց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:
«Մենք տեսնում էինք, որ այդ մարտահրավերը տեղափոխվելու է Հարավային Կովկաս, դա մեզ համար անվտանգության մարտահրավեր է, մարդկային կյանքեր են, բայց դա միայն մեզ չի վերաբերում: Եվ այն, ինչ այսօր տեղի է ունենում Արցախում, մարտի դաշտում, այդ մարտահրավերի դրսևորումն է: Մենք շարունակելու ենք աշխատել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և մյուս գործընկերների հետ, որ կարողանանք վերականգնել խաղաղությունն ու կայունությունը մեր տարածաշրջանում»,- ընդգծեց նախարարը:
Նրա խոսքով՝ մեզ համար լրջագույն մարտահրավեր է նաև ահաբեկիչների հայտնվելը տարածաշրջանում: «Ես չգիտեմ՝ ինչո՛վ էին մտածում Բաքվում, երբ ներքաշում էին նրանց այս գործողություններին, քանի որ դա վտանգ է ոչ միայն տարածաշրջանի համար, այլև դրանից դուրս»,- ընդգծեց Մնացականյանը՝ հավելելով, որ արտաքին քաղաքականության մեջ մեզ համար առաջացել է նոր իրողություն՝ ահաբեկչության դեմ պայքարը:
Նա նշեց, որ Արցախի գոյութենական պայքարը եղել և մնում է առաջնային Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ: «Մենք, իհարկե, պայքարում ենք մեր ուժերով, բայց օգտագործում ենք նաև մեր կապերը, մեր գործընկերային հարաբերությունները մյուս երկրների հետ»,- ասաց ԱԳ նախարարը: