Նոյեմբերի առաջին հինգշաբթին ամբողջ աշխարհը նշում է որպես դպրոցներում բռնության և ահաբեկչության դեմ պայքարի միջազգային օր: Այն, ինչ կատարվում է Արցախում, ահաբեկչություն է: Այս պատերազմը խաթարել է կրթություն ստացող 33000 մարդու հնարավորություն: Հրթիռահրետանային հարվածների տակ են նաև ուսումնական հաստատությունները:
Ժաննա Անդրեասյան (ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ) - Շուրջ 61 դպրոց և 10 մանկապարտեզ զգալի ավերածությունների են ենթարկվել, և այն ենթակառուցվածքները, որոնք հնարավորություն են ընձեռում, ունենալու են վերականգման և բարելավման կարիք:
Թշնամու թիրախում են նաև Հայաստանի սահմանամերձ գյուղերի դպրոցներն ու մանկապարտեզները: Ժաննա Անդրեասյանն ասում է՝ շուրջ 10 հազար սովորող արդեն 40 օր է` չի կարողանում կրթությունը շարունակել դպրոցում:
Ժաննա Անդրեասյան - Մենք տեսնում ենք շարունակական թիրախավորում և բռնություն, երբ խոսում ենք երեխաների հանդեպ բռնությունից, ապա շատ կարևոր է գիտակցել, որ պատերազմական այս դրությունը մեծապես վտանգում է իրենց իրավունքները և շարունակական բռնություն կիրառում երեխաների նկատմամբ՝ կրթության հետ մեկտեղ լրջագույն խնդիրներ առաջացնելով նրանց հոգեկան առողջության, կյանքի իրավունքի, առողջության պահպանման տեսանկյունից:
Արցախից եկած դպրոցականներին նախարարությունը հնարավորություն է տվել դասի հաճախել իրենց գտնվելու վայրին մոտ դպրոցում: Խնդիրներն աստիճանաբար կարգավորվում են:
Ժաննա Անդրեասյան - Դասագրքերի հարցը միանշանակ լուծվում է, մենք ստանում ենք դպրոցներից և մարզերից անհրաժեշտ դասագրքերի վերաբերյալ կարիքները և դրանք արագ կարգավորում: Երեխաների թվով պայմանավորված` անհրաժեշտություն է առաջանալու նաև նոր ուսուցիչների ընդգրկման որոշ վայրերում, և էստեղ ունենք հստակ պայմանավորվածություն, որ առաջնահերթություն ենք տալու ԱՀ ուսուցիչներին:
Երեխաներին հոգեբանական աջակցություն տրամադրելու համար նախարարությունը նոյեմբերի 1-ից սկսել է նաև վերապատրաստել մանկավարժներին: Հատուկ ծրագրով հոգեբաններն ուսուցիչներին սովորեցնում են թեժ կետերից եկած աշակերտների հետ աշխատանքը նպատակային, թիրախավորված կազմակերպել:
Ժաննա Անդրեասյան - Բացի այն սթրեսային իրավիճակներից, որոնք հոգեբանական աջակցություն են պահանջում, մենք ունենք նաև կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներ, որոնք նաև այլ տիպի աջակցությունների և ծառայությունների կարիք ունեն, և մեր մասնագետները այցեր են կատարում, գույքագրում խնդիրները, որպեսզի ուսումնական պրոցեսը սկսելու հետ միաժամանակ այս բոլոր ծառայությունները հասանելի լինեն:
Քոլեջներում, ուսումնարաններում և բուհերում սովորողները արցախցի ուսանողների հետ կշարունակեն դասերի հիմնական մասը հեռավար անցկացնել: