«Էս մեր տունն ա, ծուխը մինչև Նորաշենի բենզինկալոնկեն քյնացել ա: Թուրքերը վառել են պագրիշկեքը, գլորել ցած, սաղ քոլերը պաժառ ա ընգել»,- ասում է Արծվաբերդ գյուղի բնակիչ Զարիկ Ուզունյանը:
Սահմանամերձ Արծվաբերդ գյուղն ամբողջությամբ ծխի մեջ է եղել: Ադրբեջանական զինուժն ավտոմեքենայի անվադողերն այրելով մարտական դիրքերից գլորել է գյուղի անտառտնտեսության տարածք: Այրվել է 25 հեկտար խոտածածկ տարածք:
Նորայր Պապյան (Արծավերդի անտառտնտեսության տնօրեն) - Հրդեհը սկսվել է խոտածածկ տարածքից: Այս պահին հաշվարկվում է վնասի չափը:
Հրդեհը մարելու համար դեպքի վայր է մեկնել 15 հրշեջ-փրկարար։ Օգնել են նաև Արծվաբերդի անտառտնտեսության աշխատակիցները: Հակառակորդին չի հաջողվել մեծ վնաս հասցնել աշնան գույներով ներկված անտառին: Նաև եղանակն է մեր օգտին եղել՝ հրշեջների գործին օգնել է անձրևը:
Նորայր Պապյան - Որևէ վնաս գրեթե չի հասցվել անտառին, այսօր Արծվաբերդի անտառտնտեսության աշխատակիցները զգոն են, կանգնած են զինվորների կողքին:
Նորայր Պապյանի խոսքով` անտառը փրկելու գործին միացել են նաև հայ զինծառայողները: Հեռու չէ Խնձորուտի ջրամբարը՝ հայտնի Ծիլի ծովը: Անտառտնտեսության ղեկավարի խոսքով` այս պահին ջրամբարի համար վտանգավոր որևէ գործոն չկա:
Նորայր Պապյան - Վտանգավոր բան չկա ո՛չ ազգաբնակչությանը, ո՛չ Խնձորուտի ջրամբարին: 1-2 օր ծուխը պատել էր գյուղը: Պինդ փակել էին պատուհանները՝ ծուխը տուն չթողնելու համար:
Աշոտ Դալլաքյան (Արծվաբերդ գյուղի բնակիչ) - Ծուխը եկել, կեղը փակել ա: 2-3 օր քաշել ա: Սենց եկել, նենց քյնացել ա...
Արծվաբերդի աշնանային անտառը, անկախ ամեն ինչից, իր բարիքներն է առաջարկում: Հիմա ամեն ինչ հանգիստ է, Ծիլի ծովի ափին արդեն քաղելու զկեռն ու մասուրը նույնպես սպասում են խաղաղության: