«Ռազմական դրության այս ժամանակահատվածում Հայաստանը կանոնավոր շարունակել է աշխատանքը եվրասիական ուղղությամբ, եվրասիական կառույցների հետ՝ լինի տնտեսական կառույցը՝ ԵԱՏՄ-ն, թե ռազմաքաղաքականը՝ ՀԱՊԿ-ը, ԱՊՀ-ն: Նույնը վերաբերում է մեր հարևաններին՝ Վրաստանին, Իրանին»,- ԱԺ-ում տեղեկացրել է ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը:
Նա անդրադարձել է նաև 1997 թ. օգոստոսի 29-ի «Բարեկամության, համագործակցության և փոխադարձ աջակցության մասին» պայմանագրի 2-րդ հոդվածի համաձայն ՀՀ-ին աջակցություն տրամադրելու համար խորհրդակցություններ սկսելու նպատակով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ՌԴ նախագահին ուղղված նամակին:
«Հայաստանի տարածքը, այո՛, ռմբակոծվել է, ԱԹՍ-ների մասին չեմ խոսում: Բայց այս ամենը գնահատել որպես ագրեսիա՝ քաղաքական որոշում է, որ կայացվում է՝ ելնելով բազմաթիվ հանգամանքներից: Ամեն դեպքում անվիճելի է, որ ագրեսիայի վտանգը կախված է: Այդ իսկ պատճառով ՀՀ-ն «Բարեկամության, համագործակցության և փոխադարձ աջակցության մասին» պայմանագրի 2-րդ հոդվածի հիման վրա դիմել է ՌԴ-ին, ինչը ենթադրում է համապատասխան խորհրդակցություններ: Արդյունքում՝ կողմերը պետք է քայլեր ձեռնարկեն ագրեսիան կանխելու համար»,- ԱԺ-ում հայտարարել է ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը: