Ավստրալիայի Հոլոքոստի և ցեղասպանության ուսումնասիրությունների ինստիտուտը երկրի կառավարությանը կոչ է արել արձագանքել Արցախում տեղի ունեցած իրադարձություններին: Այս մասին ուղերձ է հղել վերոհիշյալ ինստիտուտը:
«AIHGS-ը լուրջ մտահոգություններ ունի Արցախում հակամարտության, մասնավորապես` բնիկ հայ բնակչության դեմ ցեղասպանության ռիսկի աճի վերաբերյալ: AIHGS-ը կոչ է անում Ավստրալիայի կառավարությանը անհապաղ միջոցներ ձեռնարկել` կանխելու հետագա վայրագությունները և պատերազմական հանցագործությունները մի ժողովրդի նկատմամբ, որն արդեն անցել է ցեղասպանության միջով և երբեք չի տեսել արդարություն: Սեպտեմբերի 27-ից սկսած՝ Ադրբեջանը, որին աջակցում է Թուրքիան, ագրեսիվ գրոհներ է սկսել Արցախի նկատմամբ, այդ թվում՝ հարձակումներ հայ խաղաղ բնակչության դեմ: Ադրբեջանն օգտագործում է հեռահար հրթիռներ, ԱԹՍ-ներ և կասետային ռումբեր, որոնք արգելված են միջազգային օրենսդրությամբ»,- ասվում է ուղերձում:
Ինստիտուտը նշում է, որ այդ հարձակումների հետևանքով զոհվել են խաղաղ բնակիչներ, ավերվել են տներ մայրաքաղաք Ստեփանակերտում, ինչպես նաև հիվանդանոցներ, դպրոցներ և մշակութային-կրոնական վայրեր, ինչպիսիք են Շուշիի Սուրբ Ամենափրկիչ տաճարը, ինչն արգելված է միջազգային մարդասիրական իրավունքով: