Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում այսօր Արցախի սահմաններին օպերատիվ-մարտավարական իրավիճակը ներկայացրեց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
«Երեկ ողջ գիշեր մարտերը շարունակվել են, ոչ մի րոպե չեն դադարել՝ չնայած ակտիվությունը նվազել է։ Մարտերի շարունակումը կախված է նրանից, որ դիվերսիոն խմբերը, որոնք գտնվում են Շուշի քաղաքի հարակից անտառներում, համայնքերում, ճանապարհներին և այլուր, փորձում են ամեն կերպ որոշակի խնդիրներ լուծել։ Առավոտյան մարտերը շարունակվել են ավելի թեժ՝ հրետանու կիրառությամբ։ Օրվա ընթացքում նաև ադրբեջանական զինված ուժերը հյուսիսում, կենտրոնական ուղղությամբ, Կարմիր շուկայի հատվածում, հարավում փորձել են փոքր խմբերով՝ հրետանու կրակի աջակցությամբ, առաջ գալ, բայց հետ են շպրտվել՝ կրելով որոշակի կորուստներ։
Ինչ վերաբերում է Շուշիի մերձակա համայնքների, անտառների, ձորակների դիվերսիոն խմբերին, վերջիններս, հիմնականում հանդիպելով մեր ԶՈՒ տարբեր ստորաբաժանումների դիմադրությանը, երկար մարտերի չեն դիմում։ Օրվա ընթացքում հաջողվել է մի քանիսին օղակել և ոչնչացնել, կորուստներ պատճառելով՝ դուրս շպրտել այդ բնագծերից»,- նշեց Հովհաննիսյանը՝ ընդգծելով, որ հարձակվողներին փնտրում են, որ ոչնչացնեն։
Բոլոր դիվերսանտները, վարձկանները, որոնք ձգտում են դեպի նոյեմբերի 9-ի ձևական, հաղթական, պայմանական ցուցադրության, որ Ադրբեջանի դրոշի օրը որոշակի տեղերում ներկայացնեն իրենց դրոշն ու բարձրացնեն ադրբեջանական բանակի ոգին, որը վերջին օրերին չի կարողանում առաջանալ, դատապարտված են՝ նշեց ՊՆ ներկայացուցիչը։
«Ադրբեջանի զինված ուժերի ներկայացուցիչները, վարձկաններն իրենց փոքր խմբերով չեն հաջողելու, որովհետև Շուշին և հարակից համայնքների բնակիչները՝ զենքը ձեռքներին, պաշտպանում են իրենց բնակավայրերը։ Որոշ տեղերում մարտերը շարունակվում են և շարունակվելու են, բայց վիճակն օրհասական չէ։ Կան դժվարություններ՝ տեխնիկական, լոգիստիկ, բայց «Գյոռբագյոռ» օպերացիան շարունակվելու է։ Այդ ձորակներն ու անտառներն իրենց համար դառնալու են դժոխք»,- եզրափակեց ՊՆ ներկայացուցիչը։