Ամենօրյա կապի մեջ ենք մեր եվրոպացի գործընկերների հետ՝ թե՛ Բրյուսելում, թե՛ մյուս մայրաքաղաքներում, աշխատում ենք մի քանի ուղղությամբ՝ սկսած Արցախի անկախության կամ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումից մինչև սանկցիաներ և հումանիտար օգնություն: Այդ մասին խորհրդարանում 2021 թվականի բյուջեի քննարկմանն ասաց ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը:
Նա նշեց, որ Արցախի ճանաչման առումով ՀՀ դեսպանությունները ակտիվ աշխատում են, կան ձեռքբերումներ: «Արցախի անկախությունը ճանաչել են Ֆրանսիայի, Իտալիայի, Իսպանիայի, Շվեյցարիայի, Չեխիայի մի շարք քաղաքներ: Տեղական ինքնակառավարման մակարդակով ճանաչումը, կարծում եմ, կարևոր նախադրյալ է՝ ապահովելու հետագա զարգացումները»,- ասաց Ադոնցը: