ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն այսօր Պետրոս Ղազարյանին տված հարցազրույցում նշեց, որ հակառակորդի համար բարեհաջող պայմաններ ու դիրքեր հնարավոր էր միայն մեկ դեպքում, եթե կարողանային ճեղքել Մարտունու ուղղությամբ, սակայն մի քանի օր համառ փորձերն արդյունք չեն տվել։
«Երեք-չորս օր փորձեցին, չստացվեց դեպի Մարտունի, դեպի Ճարտար դուրս գալ, որ ամբողջ մայրուղին վերահսկեն, և իրենց զորքից ձախ՝ Ավետարանոց, Կարմիր շուկա, Ազոխ գյուղերում իրենց խմբավորումները կփրկվեին, առանձին-առանձին կոտորվելու ճակատագրից կազատվեին, չստացվեց, և հիմա գյոռբագյոռը շարունակվում է։
Երևի Ալիևը մեծ գումարներ է խոստացել կամ պատժի վտանգի տակ է ստիպում, որ ամեն մեկը մի դրոշ վերցնի, ու գոնե մեկը կարողանա մտնել բերդաքաղաքի որևէ անկյունից ներս»,- նշեց Հովհաննիսյանը։
Բերձոր քաղաքում էլ, որի ուղղությամբ նույնպես հակառակորդը դիվերսիոն խմբերով ներթափանցման ձախողված փորձեր էր կատարել, ամեն բան կարգին է, մարդիկ ապրում են բնականոն իրենց կյանքով՝ հավելեց ՊՆ ներկայացուցիչը։
«Բայց Լաչինից մի փոքր այն կողմ՝ Լիսագորի ուղղությամբ, դեպի Շուշի, խմբեր կան, որոնց խոցեցինք, երեկ փախան, լցվեցին անտառներն՝ աջ ու ձախ։ Այսօր ամբողջ օրն ականանետով, հրետանիով, մաքրող խմբերով փնտրել ենք, գտել ենք, մաքրել ենք կամ փախել են»,-նշեց Հովհաննիսյանը՝ հավելելով, որ հիմա թշնամու առաջին խնդիրը Շուշի մտնելն է։