2021 թվականից ուժի մեջ կմտնի ԵԱՏՄ անդամ երկրների և Սերբիայի միջև ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիրը՝ ԱԺ-ում տեղեկացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը: Նրա խոսքով՝ Սերբիայի հետ ազատ առևտրի երկկողմ համաձայնագրեր մինչ այժմ ունեցել է ԵԱՏՄ անդամ երեք երկիր՝ ՌԴ-ն, Բելառուսի և Ղազախստանի Հանրապետությունները: Ըստ նրա՝ բազմակողմ համաձայնագիրը Հայաստանին հնարավորություն կտա միանալու արտոնյալ ռեժիմին, ստեղծել առավել բարենպաստ պայմաններ Սերբիայի տնտեսական տարածքում։
Նախարարի խոսքով՝ կարևոր է այդ ամենի արդյունքում որոշակի քվոտային կարգավորումների առումով հնարավորությունը: «Առավելապես բարենպաստ ռեժիմ ենք պայմանավորվել հատկապես այն ապրանքատեսակների գծով, որոնցով առանձնահատուկ մրցունակ է Հայաստանի տնտեսությունը՝ ալկոհոլային խմիչքներ, ծխախոտի արտադրանքի արտահանման պայմաններ»,- ասաց նա:
Խաչատրյանի խոսքով՝ հաջորդ տարի ուժի մեջ կմտնեն նաև ԵԱՏՄ-ի և Սինգապուրի միջև ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիրը, Հայաստանի և Սինգապուրի միջև առևտրի, ծառայությունների և ներդրումների մասին համաձայնագիրը:
Նախարարը նշեց, որ ապրանքատեսակների համար նախատեսվում է մաքսատուրքերի 0 տոկոս դրույքաչափի կիրառում, իսկ Սինգապուրը համաձայնագրով պարտավորություն է ստանձնել չկիրառել մաքսատուրքեր ԵԱՏՄ ծագում ունեցող ապրանքներ իր երկրի տնտեսական տարածք ներմուծելու դեպքում:
Խաչատրյանը ասաց, որ 2021 թ. կշարունակվեն Եգիպտոսի հետ ազատ առևտրի վերաբերյալ համաձայնագրի ուղղությամբ աշխատանքները, նախատեսվում է համաձայնագիրը հասցնել ստորագրման աստիճանի:
«Կան մի շարք երկրներ, որոնց հետ բանակցությունները կունենան տարվա աշխատանքային պլանով նախատեսված ընթացք և շոշափելի առաջընթաց։ Դրանք են՝ Հնդկաստանը, Մոնղոլիան, Կորեայի Հանրապետությունը, Ինդոնեզիան, Ալժիրը, ինչպես նաև Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի հետ ազատ առևտրի մասին համաձայնագրի շուրջ բանակցությունները»,- ասաց նախարարը:
«Մենք եկող տարվա ընթացքում արդեն կունենանք ԵԱՏՄ անդամ պետությունների հետ ապրանքների տեղաշարժի նոր ռեժիմ։ Դա նավիգացիոն կապարակնիքների առկայության պարագայում ապրանքների սահմանային հատումների ավելի պարզեցված տեղաշարժն է: Դա թույլ կտա, որ մեր առևտրի համար կենսական նշանակություն ունեցող Լարսի անցակետում մեր ապրանքները դեպի ԵԱՏՄ տարածք տեղաշարժվեն ավելի արագ՝ առանց մաքսային հսկողության ներկայումս կիրառվող որոշակի գործառույթների ենթարկվելու»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ Իրանի հետ էլ նախատեսում են 2021 թ. սկսել աշխատանքներ՝ ազատ առևտրի համաձայնագրի ուղղությամբ։