Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանի հետ հանդիպման ժամանակ տեղեկացրել է, որ այսօր պաշտոնապես կարգելվի թուրքական ազգայնական «Գորշ գայլերի» գործունեությունը Ֆրանսիայում։
«Այսօր պաշտոնապես կարգելվի թուրքական ազգայնական «Գորշ գայլերի» գործունեությունը Ֆրանսիայում։
Այս կարևոր որոշման մասին այսօր ինձ տեղեկացրեց Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան պարոն Ժոնաթան Լաքոտը:
Հանդիպման ընթացքում ներկայացրի փաստեր խաղաղ բնակիչների նկատմամբ Ադրբեջանի զինված ուժերի վայրագությունների ու դաժանությունների, այդ թվում՝ խաղաղ բնակիչների նկատմամբ արգելված կասետային ու քիմիական էլեմենտներ պարունակող զինատեսակների կիրառության, քաղաքացիական ենթակառուցվածքների զանգվածային ավերածությունների վերաբերյալ։
Ցավակցությունս հայտնեցի Ֆրանսիայի ժողովրդին Նիցցայի Աստվածամոր տաճարում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ և դեսպանին իմ մտահոգությունը հայտնեցի վերջին օրերին Ֆրանսիայում էթնիկ հայերի դեմ ատելության հիմքով իրականացված ակցիաների առնչությամբ՝ կարևորելով հայերի անվտանգության և իրավունքների պաշտպանության հարցերը։
Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժ․ Լաքոտը խստորեն դատապարտեց ազգությամբ հայերի դեմ վանդալիզմի և հարձակման դեպքերը և տեղեկացրեց, որ այսօր Ֆրանսիայի նախարարների խորհուրդը որոշում է կայացրել արգելել թուրքական ազգայնական «Գորշ գայլեր» («Բոզքուրթ») կազմակերպության գործունեությունը Ֆրանսիայում՝ ծայրահեղ ազգայնական գործունեություն ծավալելու և վերջին շաբաթվա ընթացքում Ֆրանսիայի էթնիկ հայ քաղաքացիների և Հայաստանի քաղաքացիների դեմ հարձակումներ գործելու, ատելություն հրահրելու կոչեր անելու համար։
Հանրահայտ փաստ է, որ ինչպես 2016 թվականին՝ Ապրիլյան պատերազմի ընթացքում, այնպես էլ հիմա Արցախում խոշտանգումները, վայրագություններն ու դաժանությունները ադրբեջանական զինված ուժերի կազմում կատարում են թուրք ազգայնական «Գորշ գայլեր» կազմակերպության անդամները, կամ իրականացվում է նրանց մեթոդներով։
Իմ անկեղծ երախտագիտությունը հայտնեցի դեսպանին այս կարևորագույն որոշման համար»,- ասված է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանի գրառման մեջ: