ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Համազասպ Դանիելյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ քիչ առաջ Սլովակիայի Հանրապետության խորհրդարանում ձայների 110 կողմ և 2 ձեռնպահ բաշխվածությամբ ընդունվել է բանաձև Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված:
«Բանաձևում, ըստ էության, վերահաստատվում են Մինսկի խմբի համանախագահների դիրքորոշումները առ այն, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չունի ռազմական լուծում, կոչ է արվում հրադադարի, ինչպես նաև վերահաստատում է հակամարտության կարգավորման երեք հիմնական սկզբունքները՝ ազգերի ինքնորոշման իրավունքը, տարածքային ամբողջականությունը և ուժի և դրա սպառնալիքի չկիրառման սկզբունքը:
Բանաձևի նախապատրաստման ընթացքում թե՛ հայ դիվանագետների, թե՛ Սլովակիայում ապրող հայերի և Հայաստանի բարեկամների ջանքերի շնորհիվ հնարավոր է եղել չեզոքացնել Ադրբեջանի ոչ կառուցողական ու անհավասարակշիռ մոտեցումների արտացոլումը այս բանաձևում:
Որպես Հայաստան-Սլովակիա բարեկամական խմբի ղեկավար՝ կարևորում եմ իմ սլովակ գործընկերների կողմից հակամարտության նկատմամբ հետևողականությունը և շարունակաբար ուշադրության արժանացնելը»,- գրել է Դանիելյանը: