ՀՀ քննչական կոմիտեի քրեագիտական վարչությունում շարունակվում է Արցախի Հանրապետության շփման գծի ողջ երկայնքով Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության կողմից սանձազերծված և վարվող ագրեսիվ պատերազմի, միջազգային ահաբեկչության, զինված ընդհարումների ժամանակ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումներ կատարելու, զինված ընդհարման ժամանակ հանցավոր հրաման արձակելու, վարձկանության դեպքերով հարուցված քրեական գործի նախաքննությունը, որի շրջանակում ՀՀ քննչական կոմիտեի և ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի ծառայողներից բաղկացած քննչական խմբի կողմից իրականացվում են մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողություններ:
Նախաքննության ընթացքում՝ 2020 թվականի նոյեմբերի 3-ին, վարույթն իրականացնող մարմնի կողմից Սիրիայի Արաբական Հանրապետության քաղաքացի, ազգությամբ արաբ Յուսեֆ Ալաբեթ Ալ Հաջիին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 389-րդ հոդվածով (միջազգային ահաբեկչություն), 34-390-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 3-րդ մասի 1-ին կետով (միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումները զինված ընդհարումների ժամանակ) և 395-րդ հոդվածի 3-րդ մասով (վարձկանություն)։
Նույն օրը միջնորդություն է ներկայացվել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ վերջինիս նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ։
ՔԿ-ն ներկայացրել է Յուսեֆ Ալաբեթ Ալ Հաջիի հարցաքննությունից հատված։
Սիրիացի վարձկանը պատմել է, որ 15 օր առաջ իրենց տուն է եկել հարևանը՝ Իբրահիմը, ում իրենք դիմում են Աբու Ահմադ: Նա առաջարկել է գումարի դիմաց Ադրբեջան գնալ: Երբ Յուսեֆը հարցրել է՝ ինչու, Ահմադն ասել է, որ զորավարժությունների մասնակցելու, որի համար կստանա 2000 դոլար: «Հայրս ու կինս դեմ էին, որ գնայի, եղբայրներս չգիտեին, բայց Ահմադն ասաց, որ հարևան գյուղերից էլի երիտասարդներ կան: Ահմադն ասաց, որ ոչինչ չվերցնեմ հետս, նույնիսկ անձնագիր»: Վարձկանն ասել է, որ իրենց տեղափոխել են Սիրիայի սահման, ընտրել են նրանց, որոնք պետք է գնան Ադրբեջան, ընտրվել է մոտ 500 մարդ: Նա նշել է, որ Թուրքիայի անցակետն անցել են անխոչընդոտ, որևէ փաստաթուղթ չի ստուգվել, այնուհետև տեղափոխել են օդանավակայան, նստել ինքնաթիռ՝ կրկին առանց ստուգման: Վարձկանը պատմել է, որ Ադրբեջանում իրենց դիմավորել են թուրք և ադրբեջանցի զինվորականներ, նրանց զինել են, պարապմունքներ անցկացնել:
«Մեզ ասում էին, որ բոլոր հայերին պետք է սպանենք, մորթենք, ով հայի գլուխ կկտրի, կստանա 100 դոլար»,- ասել է նա և հավելել, որ հատուկ դեղահաբեր են բաժանել, որպեսզի անվախ լինեն, ինքը չի խմել:
«Մեզ ասացին, որ պետք է հայկական գյուղ մտնենք, գրավենք, բոլորին սպանենք, սակայն չստացվեց․ 15 հոգի սպանվեց, մենք փախանք լեռները: Հետո ես էլ վիրավորվեցի, ինձ ոչ մեկը չօգնեց, 5 օր մնալուց հետո մոտեցա հայկական դիրքերին, և ինձ նկատեցին հայ զինծառայողները, բերեցին իրենց մոտ, ջուր տվեցին, բուժեցին, շնորհակալ եմ, նրանք իմ կյանքը փրկեցին»,- ասել է վարձկանը: