Արցախյան երրորդ պատերազմը կարող է դառնալ բնապահպանական աղետի պատճառ: Թշնամին ռազմաճակատում կիրառում է ոչ միայն հրթիռահրետանային, այլև ֆոսֆորային զինատեսակներ:
Տարիել Ղոչիկյան (ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի դեկան) - Կարող են ոչ միայն կենդանի օրգանիզմի վրա, այլև շրջակա միջավայրի վրա ազդել: Երկար ժամանակ մնում են նաև բնության մեջ՝ տերևների վրա, հողի վրա, որոնք ժամանակ է պետք քայքայվելու համար, էդ ընթացքում կարող են վնասել կենդանիներին։
Ադրբեջանը Արցախի հողում քիմիական զենք օգտագործում է մտածված, որպեսզի անտառները վերացնելով` կարողանա տեսանելի հատվածներում ռազմական նոր խնդիր լուծել: Պրոֆեսոր Ղոչիկյանը մեկնաբանում է սպիտակ ֆոսֆորային ռումբի հետևանքները:
Տարիել Ղոչիկյան - 1300 աստիճանի մոտ ջերմաստիճան է, պարզ է, որ ընկավ, այրելու է մարդու մաշկը, մկանային համակարգը, վնաս է տալու, շատ ծանր վերքեր են առաջանալու, որի մշակման համար հատուկ մեթոդիկաներ կան: Հասցնում է խորանալ, այսինքն` մարդկային ռեսուրսները վերացնելու, ինչպես նաև էկոլոգիական վնասները, որ դարավոր անտառներ են, էդ անտառները որ վերացրին, 100 տարի հետո անտառ կամ կունենաս, կամ չէ:
Հայաստանի կանաչների միության նախագահն ասում է՝ Արցախի անտառները, որ երկրի տարածքի շուրջ 60 տոկոսն են կազմում, ծառազրկման ու էրոզիայի պատճառով կարող են անապատացվել:
Հակոբ Սանասարյան (Հայաստանի կանաչների միության նախագահ) - Որտեղ կա ծառազրկում, բուսականության զրկում, այնտեղ գնում ա անապատացում: Անձրևները, ձնհալի ջրերը տանում են հողը, և տակի ժայռերն ու ապարներն են դուրս գալիս: Այսինքն՝ դա մեծագույն կատաստրոֆա է: Արցախի անտառները դարավոր անտառներ են, որտեղ բացի հազվագյուտ բուսատեսակներից, նաև կենդանական աշխարհ կա, և սա կոլեկտիվ հանցագործություն կարելի է համարել էն պետությունների կողմից, որոնք նպաստում են:
Մեծ էկոխնդիր է նաև ռազմաճակատում մնացած դիերի հարցը: Բարձր ջերմաստիճանի պայմաններում շատ արագ դիաթույներ են արտադրում:
Տարիել Ղոչիկյան - Դիակները սկսում են դիաթույներ արտադրել բավականին շուտ, մանավանդ տաք եղանակին նեխման գործընթացն արագանում է: Էդ դիակները պետք է հավաքվի, ինչ էլ լինի, պետք է հավաքվի, այդպես չի կարող մնալ:
Արցախի բնապահպանությանը սպառնացող պատերազմն արդեն 39 օր է՝ թունավորում է երկիրը: Բաքուն չի տանում, չի էլ ուզում տանել մարտադաշտում թողած իր դիերը: Հումանիտար հրադադարի երրորդ փորձն էլ ձախողվեց: Բնապահպանները հույս ունեն, որ աղետին կարձագանքեն գոնե բնապահպանական միջազգային կազմակերպությունները: