ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը, ճեպազրույցի ընթացքում անդրադառնալով Արցախում միջազգային լրատվամիջոցների աշխատանքին, ընդգծեց. «Որոշ լրատվամիջոցներ առաջին անգամ են եկել Արցախ, բայց, անկեղծորեն, արդարամտորեն իրականությունն են աշխարհին ցույց տալիս։ Հովհաննիսյանը շեշտեց, որ նրանք տեսնում են, թե ինչպես է հակառակորդը խաղաղ բնակիչներին ռմբակոծում, ինչ-որ կեղծ ու հորինված ադրբեջանական գաղափարների համար այսքան մարդ են սպանում, այդ թվում՝ իրենց սեփական քաղաքացիներին»։
Հովհաննիսյանը, անդրադառնալով նաև ՀՀ-ից, Սփյուռքից եկած կամավորներին, ասաց, որ արդեն մի քանի անգամ է՝ այցելում է Արցախ ու տեսնում մեր ամբողջ ժողովրդի միասնությունը։ Նա ընդգծեց՝ մարդիկ եկել են իրենց սուրբ հողը պաշտպանելու։
«Մեր վիճակը հիմա ավելի լավ է, քան 15 օր առաջ։ Ես չեմ ասում, թե ամենածանր օրերն անցել են, միգուցե էլի կլինեն ծանր օրեր, բայց, կարծում եմ, 10-15 օր առաջ ավելի ծանր էր։ Հիմա, փառք Աստծո, մեր ներուժը, մեր ինքնակազմակերպվածությունը, կառավարումը, շատ ու շատ գործոններ ավելի լավ վիճակում են»:
ՀՀ ՊՆ ներկայացուցիչը վստահեցրեց՝ հաղթելու ենք։ Նշեց, որ երբեք չէր ասի դա, եթե ինքն իր մեջ վստահ չլիներ, որովհետև տեսել է 18 տարեկան զինվորի աչքերի կրակը Ֆիզուլիում, Հադրութում, Քարվաճառում, տեսել է մեր երիտասարդ սպաներին, կամավորականներին։
«Չի կարող այս կամքը, էներգիան պարտվել․ դա անհնար է, և բոլոր նրանք, ովքեր ինչ-որ չափով կասկածել են, կասկածում են, ինչ-որ չափով ադրբեջանական քարոզչության տակ են՝ ուղղակի կարող են մեկ-մեկ մաքուր օդ շնչել այդ տղերքի հետ»,- ընդգծեց Հովհաննիսյանը։