Կլիմայի վերաբերյալ փարիզյան համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալը ուժի մեջ է մտնում այսօրվանից՝ նոյեմբերի 4-ից: Այս որոշման մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն առաջին անգամ հայտարարեց 2017-ի հունիսին, իսկ 2019-ի նոյեմբերին Վաշինգտոնը ՄԱԿ-ին պաշտոնապես տեղեկացրեց դուրս գալու գործընթացի մեկնարկի մասին, գրում է DW-ն:
Թրամփը Փարիզյան համաձայնագրից դուրս գալու պատճառ է համարել «անարդար տնտեսական սահմանափակումները, որոնք կիրառվում են ամերիկացի աշխատավորների, գործարարների ու հարկատուների նկատմամբ»: Նա շեշտել է, որ որոշումն ընդունել է՝ ելնելով հանքարդյունաբերության ոլորտում գործող ամերիկյան ընկերությունների շահերից:
ԱՄՆ-ը առաջին երկիրն էր, որ դուրս եկավ համաձայնագրից, միաժամանակ երկրի Պետդեպարտամենտը նշել է, որ մտադիր չէ հրաժարվել իր «քաղաքական տարբերակներից» և չի բացառում վերադարձը պայմանագրին, եթե հաջողվի հասնել ԱՄՆ-ի համար առավել բարենպաստ պայմանների: