Օրերս ՈՒԵՖԱ-ն հետաքննություն էր սկսել «Քարաբախի» մամուլի ծառայության ղեկավար Նուրլան Իբրահիմովի նկատմամբ, որը սոցիալական ցանցերի իր էջերում հրապարակել էր բոլոր տարիքի հայերի սպանության կոչեր: Այսօր հայտնի դարձավ, որ ՈՒԵՖԱ-ն Իբրահիմովին ժամանակավորապես զրկել է ֆուտբոլի հետ կապված ցանկացած գործունեություն ծավալելու իրավունքից:
Դա միջանկյալ միջոց է՝ մինչև հետաքննության ավարտը, որից հետո վերջնական որոշում կկայացվի: Այս մասին հայտնում է կառույցի մամուլի ծառայությունը:
Հիշեցնենք, որ ՈՒԵՖԱ-ին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան համապատասխան բողոք էր հղել՝ պահանջելով խստագույնս պատժել ինչպես ակումբի խոսնակին ու ադրբեջանական ակումբին՝ ընդհուպ մինչև եվրագավաթներից հեռացումը: ՀՖՖ-ն նաև վերջին ամսվա ընթացքում բազմաթիվ բողոքներ էր ներկայացրել ՈՒԵՖԱ և ՖԻՖԱ՝ ադրբեջանական ֆուտբոլի ամենատարբեր ներկայացուցիչների ռազմատենչ հրապարակումների, միլիտարիստական պահվածքի, հայատյաց գրառումների վերաբերյալ: