Նոյեմբերի 4-ին տեղի է ունեցել Նիդեռլանդների խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի հատուկ նիստը՝ նվիրված ադրբեջանա-թուրքական ագրեսիային, որի գլխավոր հյուրն էր Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը:
Նիստն առցանց էր, որը վարում էր հանձնաժողովի փոխնախագահ, «Քրիստոնեական Միություն» կուսակցության արտաքին քաղաքական հարցերով խոսնակ Ջոել Ֆորդևինդը: Ներկա էին պատգամավորներ, տարբեր կուսակցությունների ներկայացուցիչներ, նաև խորհրդարանի աշխատակազմի անդամներ:
Նիստը բացել է հայկական կազմակերպությունների ֆեդերացիայի քարտուղար Ինգե Դրոստը, որը ներկայացրել է ագրեսիայի հետևանքները և շեշտադրել Թուրքիային ու Ադրբեջանին անմիջապես կանգնեցնելու և պատժամիջոցներ կիրառելու անհրաժեշտությունը:
Այնուհետև հիմնական զեկույցով հանդես է եկել Արտակ Բեգլարյանը, որը ուշադրություն է հրավիրել խորացող հումանիտար աղետի, մարդկության դեմ ու պատերազմական հանցագործությունների վրա: Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծել է, որ միջազգային հանրությունը պարտականություն ունի գործնական միջոցներով սանձելու թուրք-ադրբեջանական ագրեսիան, որը հանգեցրել է լրջագույն մարդասիրական աղետի Արցախում:
Ավելին՝ միջազգային հանրության պարտավորությունների մեջ է մտնում՝ երաշխավորելու մարդու իրավունքների պաշտպանությունը աշխարհի բոլոր անկյուններում, ներառյալ՝ Արցախում՝ անկախ միջազգային կարգավիճակից:
Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիայի պատճառների և հետևանքների մասին ելույթ է ունեցել Հայաստանի Հանրապետության դեսպան Տիգրան Բալայանը:
Նիստի մասնակիցները համակարծիք էին ռազմական գործողությունների շուտափույթ դադարեցման և պատերազմական հանցագործությունների հեղինակներին պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտության հարցում։