Այսօր սոցիալական աշխատողի ազգային տոնն է: Օրվա առիթով սոցաշխատողներին իր շնորավորանքն է հղել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:
«Այսօր մենք նշում ենք սոցիալական աշխատողի ազգային տոնը: Արդեն շուրջ մեկ ամիս է՝ պետության, մասնավոր սեկտորի, նախաձեռնող խմբերի և անհատ կամավորների բոլոր ջանքերն ուղղված են մեկ նպատակի՝ թեթևացնելու մեր հայրենակիցների առջև ծառացած սոցիալական խնդիրները: Սոցիալական աջակցության և փոխօգնության գաղափարը դարձել է մեզանից յուրաքանչյուրի առօրյա կյանքի մի մասը: Այս նույն գաղափարներն են դրված նաև սոցիալական աշխատողի ինստիտուտի հիմքում:
Վերջին ամիսները, նախ համավարակով, ապա նաև Արցախում ծավալվող մեր գոյամարտով պայմանավորված, առավել նկատելի դարձրին սոցիալական աշխատողի ինստիտուտի կարևորությունը, հատկապես համայնքներում դրա զարգացմանն ուղղված ջանքերը համատեղելու հրամայականը:
Այսօր ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր սոցիալական աշխատողներին, ուժ և համբերություն մաղթել նրանց, որովհետև նրանք առաջինն են կիսում կյանքի դժվարին իրավիճակում հայտնված մարդկանց հոգսերն ու խնդիրները, տեսնում և գնահատում նրանց կարիքները, վստահություն արթնացնում սեփական ուժերի նկատմամբ:
Ուզում եմ, որ երբեք չկորցնեք այն համոզմունքը, որ ձեր աշխատանքը շատ կարևոր է պետության և յուրաքանչյուր մարդու համար, որովհետև չկա ավելի արժեքավոր բան, քան մարդու կյանքը փոխելու ձեր ամենօրյա ջանքը»,- ասված է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանի շնորհավորական ուղերձում: