Կառավարությունում բոլոր իրավական հնարավոր պրոցեսները բավական մանրամասն քննարկվում են՝ հայտարարել է ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ անդրադառնալով Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիային:
«Երեք պետության ղեկավարներ կամ ԱԳ ոլորտը համակարգողներ ընդունել են սիրիացի վարձկանների առկայությունը հակամարտության գոտում: Սա կարող է առաջացնել տարբեր հետևանքներ: Նախ՝ բազմաթիվ կոնվենցիաներով, այդ թվում՝ վարձկանների հավաքագրման, ֆինանսավորման վերաբերող կոնվենցիաներով նախատեսվում են որոշակի ընթացակարգեր: Օրինակ՝ պետությունները, որոնք ունենալով պարտականություններ ֆինանսական թափանցիկության, նման երևույթների բացահայտման, հետաքննության, հաշիվների սառեցման առումով, ներգրավված կլինեն ահաբեկչության ֆինանսավորմանը, զինել վարձկաններին, տեղափոխել հակամարտության գոտի՝ օգտագործելով ինքնորոշման իրավունքի համար պայքարող բնակչության դեմ, լուրջ հետևանքներ կարող է առաջացնել բազմաթիվ կոնվենցիաների շրջանակներում»,- մանրամասնեց Ռուստամ Բադասյանը: Նրա խոսքով՝ հետևանքները կարող են տարբեր լինել, այդ թվում՝ պատժամիջոցների կիրառում, իրավունքի խախտման ճանաչում՝ միջազգային հեղինակավոր դատական ատյաններում և այլն:
Հաագայի միջազգային քրեական դատարան դիմելու մասին հարցին ի պատասխան նա խորհուրդ տվեց չշտապել: «Որևէ միջազգային կազմակերպության շրջանակներում սանկցիայի կիրառման կամ որևէ դատական ատյան դիմելու մասին մենք պատշաճ կտեղեկացնենք»,- նշեց նա:
Բադասյանը նաև վստահեցրեց, որ Կառավարությունը համապատասխան իրավական պրոցես է սկսել: «Որպեսզի ինքնորոշման իրավունքը ևս մեկ անգամ ընդգծվի և հիմնավորվի՝ որևէ կերպ Արցախը չի կարող գոյություն ունենալ Արցախի կազմում»,- շեշտեց նախարարը: