Կորոնավիրուսային հիվանդության համավարակով պայմանավորված` առցանց հանդիպում է տեղի ունեցել առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանի և առողջապահության նախարարին կից կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պայքարի մասնագիտական հակահամաճարակային խորհրդատվական խմբի անդամների մասնակցությամբ:
Հանդիպմանը քննարկվել են Հայաստանում տիրող կորոնավիրուսային հիվանդության համաճարակային իրավիճակին վերաբերող հարցերը, տարբեր առաջարկներ են արվել վարակի շարունակաբար գրանցվող ցուցանիշների կտրուկ աճը կանխարգելող, ինչպես նաև կոնտակտավորների հայտնաբերման միջոցառումների վերաբերյալ:
Տեսազրույցի ընթացքում համաճարակաբաններն անդրադարձել են ներկայիս իրավիճակին` COVID-19-ի և ռազմական գործողությունների պատճառով Հայաստանում ստեղծված բարդ իրադրության պայմաններում առողջապահական ռեսուրսները ճիշտ բաշխելուն, բուժօգնություն կազմակերպելուն և տրամադրելուն:
Մասնագետները կոչ են արել կորոնավիրուսային համավարակի տարածման և ռազմական գործողությունների պատճառով բարդացած առողջապահական խնդիրները լուծելու համար պահել դիմակներ կրելու պարտադիր պայմանը, որը, ինչպես ամիսների փորձն է ցույց տվել, կանխում է վարակի տարածումը, նաև այս գերլարված պայմաններում հետևողական լինել մարդկանց սոցիալական հեռավորության և ձեռքերի մշտական հիգիենային հետևելու կանոնների պահպանմանը: