Արցախցի Լիան մեկն է այն հազարավոր երեխաներից, որ պատերազմի պատճառով թողել են հայրենի տունն ու ժամանակավորապես բնակվում են Հայաստանում: Այստեղ վատ չէ, չի դժգոհում, բայց, միևնույն է.
Լիա - Իմ պադրուժկեքի քովն եմ ես ուզում քինամ:
Գարեգինը, Զինան, Գոռն ու Մարատն էլ Մարտունու շրջանից են: Երեխաներից մեծը Գարեգինն է, քանի հայրն ու պապն Արցախում են, ինքն է տան տղամարդը: Լիայի հետ համակարծիք է՝ ուզում ենք գնալ մեր գյուղ, որովհետև մեր գյուղն ավելի լավ ա:
Քանի այստեղ են, Խամաճիկների պետական թատրոնը Շվեդիայի հայ համայնքի աջակցությամբ Արցախից եկած բոլոր երեխաների համար անակնկալներ է պատրաստել՝ բարեգործական մանկական ներկայացումների ու նվերների տեսքով:
Էմիլ Գալստյան (դերասան, բարեգործական ներկայացումների նախաձեռնող) - Այս ներկայացումը ես առաջարկեցի, որ նաև չմոռանանք երեխաներին, որ էս դժվար օրերին կարիք ունեն ժպտալու, ուրախ լինելու, և Շվեդիայի հայ համայնքի օգնությամբ կարողացանք սա ունենալ:
Ներկայացմանը հետևող փոքրիկները Հայաստանում են ընտանիքներով: Միայն հայրերն են բացակա՝ սահմանին են, Հայրենիքն ու երեխաների՝ հայրենի հողի վրա մեծանալու իրավունքն են պաշտպանում:
Շվեդիայի հայ համայնքի ներկայացուցիչը նշում է՝ ժպիտը նվազագույնն է, որ պարտավոր ենք նվիրել երեխաներին:
Լորանս Շարոյան (Շվեդիայի հայ համայնքի ներկայացուցիչ) - Այս փոքրիկների պապաներն են, եղբայրներն են, որ հիմա սահման են գացեր, որ մեր հայրենիքը պահեն իրենց արյունով, սա ամենաքիչն է, որ կարող ենք անել այս երեխաների համար:
Շվեդիայի մոտ 15 հազար բնակչությամբ հայկական համայնքն աջակցություն է ցուցաբերել թշնամու դեմ պայքարող Հայրենիքին ու հայրենակիցներին՝ նվիրաբերելով գումար և՛ հիմնադրամներին, և՛ Պաշտպանության նախարարությանը: Զորամասեր էլ են այցելել, տաք հագուստի կարիք ունեցող զինվորներին ապահովել են նաև դրանով:
Լորանս Շարոյան - Պետք է մենք հիմա մի քիչ նեղություն ալ քաշենք, քիչ մը աղքատություն ալ տեսնենք, բայց զգանք, որ հայրենիքի քովը կեցել ենք: Ինչ արժե, երբ տուն ունիք, ավտո ունինք, բայց հայրենիք չունինք:
Այստեղ ամեն ինչ անում են, որ պատերազմ չարիքին բախված փոքրիկների մանկությունը ժպիտով անցնի: Բոլոր երեխաների երազանքը մեկն է՝ խաղաղություն լինի: Եռագույն մազակալով Զինան թե ինչ է որոշել դառնալ, երբ մեծանա՝ չի ասում, իսկ տղաներն արդեն հաստատ որոշել են՝ զինվոր են դառնալու:
Իսկ մինչ շատերը տատանվում ու խուճապի են մատնվում, մանակական անկեղծ ժպիտով ու արցախցու վստահությամբ, Գարեգինն ասում է՝ հաղթելու ենք ու գնանք մեր գյուղերը: Ու չենք կասկածում, որ հաղթելու ենք: