Թուրքիան հայտարարել է Միջերկրական ծովում երկրաբանական հետախուզման աշխատանքները վերսկսելու մասին, որոնք կիրականացնի Barbaros Hayreddin Pasha սեյսմոգրաֆիկ նավը՝ հայտնում է Anadolu-ն:
Աշխատանքները կշարունակվեն մինչև փետրվարի 16-ը, այդ ընթացքում նավը կհսկեն Tanux-1 և Apollo Moon նավերը:
Ավելի վաղ թուրքական Oruç Reis նավն էր սեյսմիկ հետազոտություններ սկսել Արևելյան Միջերկրական ծովում՝ այն տարածքում, որը Հունաստանը համարում է իր բացառիկ տնտեսական գոտին:
Դա լարվածություն առաջացրեց Աթենքի և Անկարայի հարաբերություններում: Ստեղծված հակասությունների պայմաններում Թուրքիայի ռազմական գերատեսչությունը հայտարարեց տարածաշրջանում զորավարժություններ անցկացնելու մասին, ինչը, իր հերթին, առաջացրեց Կիպրոսի իշխանությունների բողոքը:
Այս կապակցությամբ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ԵՄ-ին կոչ արեց «կոշտ դիրքորոշում ցուցաբերել» Անկարայի նման քաղաքականության հանդեպ: Միաժամանակ, նա շեշտեց, որ դա պետք է ազդի միայն երկրի կառավարության, բայց ոչ թուրք ժողովրդի վրա: