«Արագածոտնի արծիվներ» կամավորական ջոկատն իմ գլխավորությամբ արդեն շուրջ 10 օր է առաջնագծում է՝ կյանքի ու մահվան սահմանագծին: Այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը:
«Այս կողմում կյանքն է, հակառակ կողմում՝ մահը: Եվ մենք ուս ուսի տված՝ եղբայրական պատերազմի մեջ ենք ընդդեմ չարիքի, ընդդեմ մի նոր ցեղասպանության:
Շատ են խոսակցությունները, թե ինչ իրավիճակ է տիրում սահմանի տարբեր հատվածներում, թե ինչի կարիք կա առաջնագծում:
Սահմանին տիրող իրավիճակը հետևյալն է. բոլորս ուս ուսի տված՝ դաժան մարտերում արժանի պատասխան ենք տալիս թշնամուն, կանխում ենք նրանց առաջխաղացումը, ձախողում ենք նրանց ծրագրերը և տալիս ենք ուժգին հակահարված:
Ինչի՞ կարիք կա առաջնագծում. առաջնագծում հենց քո կարիքը կա՝ միանալու մեր մեծ ընտանիքին: Առաջնագծում հենց քո կարիքը կա թշնամուն ծնկի բերելու համար և թշնամուն վերջնականապես հասկացնելու, թե ով է այս սուրբ հողի տերը:
Մենք երդում ենք տվել զենքին և մկրտվել արկերի սուլոցների և պայթյունների տակ:
Մենք մեր տունը, մեր սուրբ հողը անգամ կյանքի գնով չենք զիջելու թշնամուն: Եվ հենց հիմա պահն է հայրենասիրության, պահն է հայրենիքի արժանի զավակը լինելու:
Կրկին կոչ եմ անում բոլորին՝ անհատապես կամ խմբերով ներկայանալ զինկոմիսարիատ, կամավորագրվել, անցնել համապատասխան արագ վերապատրաստում և միանալ մեզ:
Տեղի ունեցողը, ոչ ավել, ոչ պակաս, ազգի գոյության հարցն է, և ամեն մեկս պետք է որոշենք այս իրավիճակում մեր անելիքը:
Մենք կռվում ենք հանուն մեր ու գալիք սերունդների, հանուն ապագայի, հանուն լույսի, հանուն վաղվա օրվա հույսի, և մենք պատրաստ ենք մեռնել հանուն կյանքի: