Արցախցի ընտանիքի՝ Մովսեսում հյուրընկալվելու լուրն արագ տարածվեց, հոգևոր հայրը շտապեց օրհնելու ռումբերի պայթյուններից փրկված երեխաներին:
Արցախի իրենց գյուղը թողնելու մտադրություն չեն ունեցել: Գնացել են Ստեփանակերտ, որ թիկունքից օգնեն առաջնագծին: Զինծառայող ամուսինն է համոզել երեխաներին ժամանակավոր տեղափոխել Հայաստան:
Գայանեն Արցախ հարս է գնացել կրակոցների սովոր Մովսեսից: Տավուշի սահմանների պաշտպաններից մեկն էլ նրա եղբայրն է: Մինչև խաղաղությունը, երեք մանկահասակ երեխաների հետ կմնան Մովսեսում՝ եղբոր մեծ ընտանիքի հետ: Փոքրիկը նոր էր ծնվել, երբ սկսվեց պատերազմը:
Համայնքապետարանից փոքր աջակցություն են ստացել: Տան խաղահրապարակն էլ է փոքրացել 8 երեխայի համար: Հեշտ չէ, բայց 13 հոգանոց ընտանիքը փորձում է հարմարվել ու սպասել խաղաղության ձայնին:
Նաև միասին աղոթում են հայոց բանակի հաղթանակի համար: Եռագույնով փաթաթած սեղանին էլ գյուղի բարիքներն են, վաճառքից ստացված հասույթը Մովսեսից կուղղվի Արցախին:
«Ոչ միայն Մովսեսն, այլև բոլոր վայրերն այժմ առաջնագիծ են»,- ասում է սահմանապահ գյուղի հոգևոր հայրը: Տեր Աբելը վստահ է՝ այս փորձությունն էլ կանցնենք, դուրս կգանք ավելի ուժեղացած ու հավատքով ավելի զորացած:
Արցախի դեմ ադրբեջանաթուրքական ագրեսիան չի կոտրել նաև հաղթանակը սրտում այնտեղից Մովսես տեղափոխված ընտանիքին: Ապագա զինվորներն այստեղ մեծամասնություն են: