Արցախի դեմ պատերազմը սկսել է Ադրբեջանը՝ Թուրքիայի աջակցությամբ: Եվրոպացի լրագրողի հարցին ի պատասխան՝ Հայաստանի նախագահը փաստերով է մեկնաբանել: Հայերը չեն հրետակոծում քաղաքացիական բնակավայրերը: Ինչպե՞ս կարող ես կառուցել դպրոց, հիվանդանոց, ճանապարհ, եկեղեցի, ապա պատերազմ սկսել: Ադրբեջանի պնդումները, թե իրենք ազատագրում են իրենց տարածքները, նախագահի դիտարկմամբ, իրականում միջազգայնորեն ընդունված այլ ձևակերպում ունի՝ «էթնիկ զտում»: Նրանք ձգտում են վերցնել տարածքը՝ ոչնչացնելով էթնիկ հայերին:
Արմեն Սարգսյան (ՀՀ նախագահ) - Նրանք հիմա ոչնչացնում են դպրոցներ, հիվանդանոցներ, անմարդկային արարքներ են իրականացնում՝ ոչնչացնելով նաև մարդկային կյանքեր՝ տարեցների, երեխաների, երիտասարդների:
Թուրքիան լիակատար ռազմաքաղաքական աջակցություն է ցուցաբերում Ադրբեջանին՝ պատճառաբանելով էթնիկ եղբայրությունը, միջազգային ենթակառուցվածքների պաշտպանությունը: Իրականում Անկարայի նպատակը տարածաշրջանում հաստատվելն է և նույն այդ միջազգային ենթակառուցվածքները կառավարելը:
Արմեն Սարգսյան - Այդքան մերձենալով Թուրքիայի հետ՝ Ադրբեջանը կորցնում է ինքնիշխանության մի մասը: Ավելի ու ավելի շատ են փաստերն այն մասին, որ Բաքվում որոշումներն ընդունվում են Թուրքիայի խորհրդով:
Պետք է տարանջատել Թուրքիայի ժողովրդին և Թուրքիայի կառավարությանը: Արմեն Սարգսյանը հiշեցրել է 2007 թվականի հունվարի 19-ը: Ստամբուլում իր խմբագրատան դիմաց սպանվեց հայազգի լրագրող Հրանտ Դինքը:
Արմեն Սարգսյան - Ես շատ լավ հիշում եմ, թե ինչպես նրա հուղարկավորության օրը հարյուր հազարավոր թուրքեր դուրս եկան փողոց և հայտարարեցին, որ իրենք Հրանտ Դինքն են:
Նախագահ Սարգսյանն ընդգծել է պատերազմի դադարեցման անհրաժեշտությունը: Սա պատերազմ է ոչ միայն մեր ժառանգության, մշակույթի, գոյատևման, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար: Լեռնային Ղարաբաղի հայերն ինչ-որ առումով կռվում են նաև Եվրոպայի անվտանգության համար: Եթե չդադարեցվեն Թուրքիայի հավակնությունները Ադրբեջանում, Եվրոպան ևս կտուժի:
Արմեն Սարգսյան - Կարծում եմ, որ եթե Թուրքիայի ներգրավվածության գործոնը չլիներ, Հայաստանը, Արցախը և Ադրբեջանը հրադադար կունենային: Ամեն անգամ հրադադարը խախտվել է ոչ թե հայկական, այլ՝ հակառակորդի կողմից: Ես՝ որպես Հանրապետության նախագահ, կարծում եմ, որ ռազմական լուծում չկա:
Ի պատասխան սփյուռքի դերի և նրա աջակցության մասին հարցին՝ նախագահն ընդգծել է, որ Հայաստանի ուժը ողջ հայ ժողովուրդն է: Արմեն Սարգսյանը հաճախ է հարց տվել՝ չունենալով մեծաքանակ զենք, էներգետիկ ռեսուրսներ, ինչի՞ շնորհիվ 90-ականներին հայերը հաղթեցին, և վերահաստատում է՝ ունեինք մեկս մյուսին:
Արմեն Սարգսյան - Մարդկային արժեքն է, որ միշտ էական է: Դու կարող ես ունենալ ամենամեծ բանակը, ամենաշատ գումարը, սակայն եթե չունենաս մարդկանց, որոնք միասնաբար հավատում են ինչ-որ բանի, ապա երբեք չես հաղթի: Երեսուն տարի առաջ մենք ունեինք մեկս մյուսին, և այսօր ևս այդպես է: Հիմա էլ մեկս մյուսին ունենք՝ Արցախի հայերը, այստեղի հայերը և Սփյուռքի հայերը, կապ չունի՝ նրանք 8, 10 թե 12 միլիոն են:
Հայաստանի նախագահը հույս է հայտնել, որ պատերազմը հաղթելով, թույլ չտալով ևս մեկ ցեղասպանության իրականացում՝ կհասկանանք Սփյուռքի ուժը, որը ներառում է նաև Հայաստանի և հայերի բարեկամներին: Մեր դեպքում պատերազմի հաղթանակը ագրեսիա չէ, ուրիշների հողը զավթել չէ, բոլորի տան պաշտպանությունն է: