1lurer.am-ը հավաքել է Արցախի հետ շփման գծում Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների ժամանակագրությունը: Ավելի վաղ ներկայացրել էինք նաև սեպտեմբերի 27-ի, 28-ի, 29-ի, 30-ի, հոկտեմբերի1-ի, 2-ի, 3-ի, 4-ի, 5-ի, 6-ի, 7-ի, 8-ի, 9-ի, 10-ի, 11-ի, 12-ի, 13-ի, 14-ի, 15-ի, 16-ի, 17-ի, 18-ի, 19-ի, 20-ի, 21-ի , 22-ի, 23-ի, 24-ի, 25-ի , 26-ի, 27-ի, 28-ի, 29-ի, 30-ի, 31-ի, նոյեմբերի 1-ի , 2-ի դեպքերի քրոնիկոնը:
Ստեփանակերտի հրթիռակոծության ժամանակ 2 քաղաքացի է տուժել, Շուշիում տուժածներ չկան․ ԱՀ ԱԻՊԾ
Ստեփանակերտի հրթիռակոծության ժամանակ Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնի հարևանությամբ 2 քաղաքացի է տուժել: Այս մասին
հայտնել է ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը: Նշվում է, որ վիրավորներից մեկը գտնվում է վիրահատարանում, մյուսը պատրաստվում է վիրահատության: Նրանց առողջական վիճակը միջին ծանրության է, և առաջիկայում կմնան բժիշկների հսկողության տակ: Շուշիի հրթիռակոծությունից քաղաքացիական բնակչության շրջանում տուժածներ չկան:
Ամբողջ օրվա ընթացքում մեր ստորաբաժանումները հրետանային կրակով շարունակել են թշնամու ուժերի ոչնչացումը․ Հովհաննիսյան
«Մարտունի քաղաքից հարավ ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները զրահատեխնիկայի, օդուժի, հրետանու աջակցությամբ փորձել են հարձակում զարգացնել։ Կորցնելով մի քանի զրահատեխնիկա և զգալի թվով կենդանի ուժ՝ հետ են շպրտվել ելման բնագծեր։ Ամբողջ օրվա ընթացքում մեր ստորաբաժանումները՝ հատկապես հրետանային կրակով, շարունակել են թշնամու ուժերի ոչնչացումը»,- ասել է Հովհաննիսյանը։
ՀՀ ՊՆ ներկայացուցիչը հայտնել է, որ կեսօրին մոտ ադրբեջանական զինված ուժերը հյուսիսային հատվածում՝ Քարվաճառի ուղղությամբ, մի քանի տեղամասում փորձել են ծխածածկույթի քողի տակ դիակները հանելու պատրվակով դիվերսիոն ներթափանցում իրականացնել դեպի մեր միջդիրքային տարածություններ, բայց հայտնաբերվել են և հեռահար՝ հրետանու կրակով, ոչնչացվել ու հետ են շպրտվել։
Ադրբեջանի զինուժը «Սմերչից» հրթիռ է արձակել Ստեփանակերտի Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնի ուղղությամբ. ԱԻՊԾ
Ադրբեջանաթուրքական ուժերը «Սմերչ» կայանքից հրթիռ են արձակել Ստեփանակերտի Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնի ուղղությամբ։ Նախնական տվյալներով՝ այստեղ տուժել է մեկ քաղաքացի, նրան տեղափոխել են հիվանդանոց։ Թշնամին կրակ է բացել նաև բնակելի թաղամասի վրա, այրվել է մեկ ավտոտնակ ու ավտոմեքենա, զգալի վնասներ են պատճառվել նաև հարևանությամբ գտնվող բնակելի տներին։ «Սմերչի» 3 հրթիռ արձակվել է Շուշիի ուղղությամբ՝
հայտնել են ԱՀ ԱԻՊԾ-ից։
Հակառակորդը շարունակում է կրել զինտեխնիկայի և կենդանի ուժի կորուստներ․ ԱՀ ՊԲ
ԱՀ ՊԲ-ից հայտնել են, որ ադրբեջանա-արցախյան հակամարտության գոտում մարտերը շարունակվում են: Հատկապես ինտենսիվ մարտական գործողություններ են ընթանում ճակատային գծի արևելյան և հարավարևելյան ուղղություններում: ՊԲ ստորաբաժանումների գրագետ գործողությունների արդյունքում հակառակորդը շարունակում է կրել զինտեխնիկայի և կենդանի ուժի կորուստներ, մասնավորապես՝ արևելյան ուղղությամբ ժամը 14:10-ի սահմաններում ՊԲ ստորաբաժանումները ոչնչացրել են թշնամական ուժերի 2 տանկ, ինչպես նաև առգրավել 1 հետևակի մարտական մեքենա:
Օրվա ընթացքում հակառակորդը ռազմական ավիացիա է կիրառել Մարտունու ուղղությամբ, հրետակոծել Շուշին
«Մարտական գործողություններին զուգահեռ թշնամական ուժերը շարունակել են կրակի տակ պահել նաև խաղաղ բնակավայրերը։ Օրվա ընթացքում թշնամական ուժերը ռազմական ավիացիա են կիրառել Մարտունի քաղաքի ուղղությամբ, հրետակոծել Շուշի քաղաքը։Իսկ Շահումյանի շրջանում կիրառել են համազարկային կրակի ռեակտիվ համակարգ տեսակի հրթիռ։ Նախնական տվյալներով՝ տուժածներ չկան»,-
հայտնել են Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնից։
Հակառակորդի կորուստները. ինֆոգրաֆիկա
Հայկական միասնական կենտրոնը հրապարակել է հակառակորդի կորուստների վերջին տվյալները: Ըստ այդմ՝ խոցվել են հակառակորդի 251 ԱԹՍ, 16 ուղղաթիռ, 25 ինքնաթիռ, 685 միավոր զրահատեխնիկա, կա 7095 զոհ:
Հակառակորդի արձակած արկերից մի քանիսն ընկել են Իրանի տարածք. ՀՀ ՊՆ խոսնակ
Ադրբեջանական կողմը հրետանային կրակ է վարել հայկական ստորաբաժանումների ուղղությամբ: Արկերից մի քանիսն ընկել են Իրանի տարածք` տեղեկացրել է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը:
ՊԲ ստորաբաժանումները կասեցրել են Քարվաճառի ուղղությամբ հակառակորդի առաջխաղացման փորձերը
Քարվաճառի ուղղությամբ ժամը 13:30-ին, օգտագործելով ծխային արկեր, հակառակորդը փորձել է ձորից դուրս բերել նախորդ օրվա ընթացքում իր զոհված զինծառայողների դիերը: Սակայն հայկական կողմի հրանոթային և ականանետային դիպուկ կրակի արդյունքում հետ է շպրտվել՝ թողնելով ևս երկու դի: Նույն ուղղությամբ ժամը 13:40-ին թշնամական ուժերը, միջդիրքային տարածքում ծխաքողարկվելով, 30 հոգանոց խմբով փորձել են ձեռնարկել ներթափանցման փորձ: Այս դեպքում ևս, ՊԲ ստորաբաժանումների ճշգրիտ ականանետային կրակով, կասեցվել է հակառակորդի առաջխաղացումը, ինչի արդյունքում վերջիններս, կորուստներ կրելով, նահանջել են ելման դիրքեր: Ժամը 14:30-ին, կրկին Քարվաճառի ուղղությամբ, նկատվել է հակառակորդի կուտակում մարտական դիրքերի շրջանում: Յուրային ուժերը ժամանակին հավաստանշել են թշնամական ուժերի կուտակման փորձերը և ոչնչացրել պատսպարվելու փորձ կատարող հակառակորդի 4 զինծառայողի: Օպերատիվ իրադրությունը, ինչպես Քարվաճառի, այնպես էլ մնացած ուղղություններում գտնվում է ՊԲ ստորաբաժանումների վերահսկողության ներքո՝ հայտնել են ՊԲ-ից։
ՊԲ ուժերն ու կամավորականները հակառակորդի համար իսկական դժոխք են կազմակերպել. ՊՆ խոսնակ
Շարունակվում են թշնամական ուժերի ոչնչացման գործողությունները: Վերջին օրերին տեղի ունեցած և առայսօր հարավարևելյան ճակատային գծում (Շեխեր-Կարմիր Շուկա – Թաղավարդ բնագիծ) շարունակվող մարտական գործողությունների արդյունքում ՊԲ ուժերն ու կամավորականները հակառակորդի համար իսկական դժոխք են կազմակերպել մեր անտառներում ու ձորերում: Այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը՝ հրապարակելով լուսանկարներ: «Թշնամական ահաբեկչական խմբավորումները, հատուկ նշանակության ստորաբաժանումները կրել ու շարունակում են կրել մարդկային ու ռազմատեխնիկական մեծ կորուստներ:Թշնամական ուժերի տեղաբաշխման շրջաններում ներկա դրությամբ շարունակվում են լրահետախուզման և կրակային խոցման գործողությունները»,- գրել է նա:
Արցախում հայտնաբերվել է թշնամական ուժերի արձակած նոր զինատեսակ՝ այրող կասետային միջուկային զենք. ԱԻՊԾ
Արցախի Հանրապետության տարածքում հայտնվել է թշնամական ուժերի կողմից արձակված նոր զինատեսակ՝ հայտնում են ԱԻ պետական ծառայությունից: «Ուսումնասիրությունից պարզվել է, որ այն այրող կասետային միջուկային զենք է` մոտ 40 սմ երկարությամբ, որի կիրառումը խաղաղ բնակչության ուղղությամբ արգելված է Ժնևյան և միջազգային կոնվենցիաներով։ Այս զինատեսակը նախատեսված է զանգվածային ոչնչացման և տարածքների հրկիզման համար»,- տեղեկացրել են ծառայությունից։
Առավոտյան հարավային ուղղությամբ թշնամական տեխնիկային և կենդանի ուժին ՊԲ-ն հասցրել է դիպուկ կրակային խոցում. ԱՀ ՊՆ
Նոյեմբերի 2-ին և լույս 3-ի գիշերվա ընթացքում ՊԲ զորքերը պաշտպանողական մարտեր են վարել արևելյան, հարավարևելյան և հարավային ուղղություններում: Յուրային ստորաբաժանումները դիպուկ կրակով նշված հատվածներում խոցել են հայտնաբերված ավտոմոբիլային տեխնիկան, կենդանի ուժը, ինչպես նաև 1 տանկ: Արևելյան ուղղությամբ ճակատային գծի փոքր հատվածում, մարտավարական նկատառումներից ելնելով, ՊԲ ուժերը հետ են քաշվել՝ զբաղեցնելով հետագա մարտական գործողությունների համար առավել նպաստավոր բնագծեր: Առավոտյան հարավային ուղղությամբ առաջխաղացման փորձ ձեռնարկող թշնամական տեխնիկային և կենդանի ուժին ՊԲ-ն հասցրել է դիպուկ կրակային խոցում՝ պատճառելով կորուստներ և ստիպելով հետ շպրտվել ելման դիրքեր: Բանակային ստորաբաժանումները լռեցրել են նաև հյուսիսային ուղղությամբ թշնամական ուժերի նախահարձակ ակտիվությունը:
Լուսադեմին թշնամին «Սմերչ» կայանքից կրակ է բացել Մարտունի և Շուշի քաղաքների ուղղությամբ
Նոյեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը խաղաղ բնակավայրերում ընդհանուր առմամբ պահպանվել է հարաբերական հանգիստը՝ հայտնում են Արցախի ԱԻ պետական ծառայությունից: Լուսադեմին, սակայն, թշնամին վերսկսել է գործողությունները և «Սմերչ» կայանքից կրակ բացել Մարտունի և Շուշի քաղաքների ուղղությամբ։ Տուժածներ չկան։ Մյուս բնակավայրերում իրավիճակը համեմատաբար հանգիստ է։