ՀՀ ազգային ժողովի աշխատակազմին 2021-ի պետբյուջեից կհատկացվի 6 մլրդ 98 մլն դրամ, որոշ ուղղություններով կատարվել են կրճատումներ` տեղեկացրել է ՀՀ ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Լիլյա Սիրականյանը 2021 թ. պետական բյուջեի նախագծի նախնական քննարկումների ժամանակ:
Ըստ նրա՝ ԱԺ գործունեության ապահովման, օրենսդրական, վերլուծական և ներկայացուցչական ծառայություններին բաժին է ընկնում ամենամեծ տեսակարար կշռով՝ 92.2 տոկոս մասնաբաժնով 5 մլրդ 620 մլն դրամը: Պետական ծառայողների վերապատրաստման համար նախատեսված միջոցառման համար նախատեսվում է հատկացնել 1 մլն 260 հազար դրամ: Սիրականյանը տեղեկացրեց, որ նվազել են միջազգային խորհրդարանական կազմակերպություններին ՀՀ անդամակցության վճարները 11.4 մլն դրամով՝ կազմելով 174.8 մլն դրամ: Նվազումներ տեղի են ունեցել նաև տեխնիկական հագեցվածության բարելավման համար նախատեսված միջոցառման մեջ:
2021-ին շենքային պայմանների բարելավման համար նախատեսված է 53.8 մլն դրամ, իսկ ԱԺ շենքային ապահովվածության բարելավման միջոցառման համար՝ 38.9 մլն դրամ:
ՀՀ ազգային ժողովի աշխատակազմն այս տարի որոշակի տնտեսումներ է արել՝ շուրջ 252 մլն դրամ չօգտագործված գումար, որ գոյացել է համավարակով և ռազմական դրությամբ պայմանավորված՝ պատգամավորներին և աշխատակազմի աշխատակիցներին պարգևատրումներ չտալու հաշվին: