Շուշիում այս գիշեր բավականին թեժ է եղել, քաղաքացիական օբյեկտները ինտենսիվ կերպով թիրախավորվել են ադրբեջանական զինված ուժերի կողմից, որի հետևանքով բավականին մեծ ծավալի ավերածություններ ու շատ վիրավորներ կան՝ տեղեկացրել է ԱՀ ՄԻՊ Արտակ Բեգլարյանը՝ այսօրվա ճեպազրույցի ժամանակ:
Նրա խոսքով՝ Մարտունի քաղաքը նույնպես թիրախավորման տակ է եղել, առկա են ավերածություններ քաղաքացիական օբյեկտներում: «Բայց մարդկային կորուստներ ու վիրավորներ այնտեղ չկան»,- հայտնեց ԱՀ ՄԻՊ-ը:
«Երեկ Ստեփանակերտ քաղաքը հերթական անգամ թիրախավորվել է, ինչի հետևանքով երկու քաղաքացիական անձ է վիրավորվել, որից մեկն արձանագրվել է ծննդատան տարածքում, մյուսը՝ կենտրոնական շուկային հարակից տարածքում: Սա նշանակում է, որ ադրբեջանական զինված ուժերը դիտավորյալ թիրախավորում են քաղաքացիական բնակչությանն ու օբյեկտները՝ ի հեճուկս միջազգային մարդասիրական իրավունքի հատուկ սկզբունքների և հոկտեմբերի 31-ին ձեռք բերված համաձայնության»,- նշեց Բեգլարյանը՝ արձանագրելով՝ հարձակումների մի մասը կատարվել է արգելված կասետային զինատեսակով:
Պատերազմի ընթացքում ընդհանուր առմամբ 46 քաղաքացիական անձ է զոհվել, 144-ը՝ վիրավորվել: Ավելի քան 13. 800 անշարժ մասնավոր գույք, ավելի քան 3100 ենթակառուցվածք, հանրային և արտադրական նշանակության օբյեկտ է վնասվել: