Երկուշաբթի երեկոյան Վիեննայի կենտրոնում տեղի ունեցած կրակոցների արդյունքում 4 մարդ զոհվեց, ավելի քան 20-ը վիրավորվեց՝ հաղորդում է Euronews-ը:
Ոստիկանությունը վերացրեց 20-ամյա հանցագործին, որը «Իսլամական պետություն» խմբավորման կողմնակիցներից էր: Կույտիմ Ֆեյսուլայը 2019-ի ապրիլին դատապարտվել է 22 ամսվա ազատազրկման Սիրիա մեկնելու և ԻՊ-ին անդամակցելու փորձ կատարելու համար, սակայն դեկտեմբերին պայմանական վաղաժամկետ ազատվել էր:
Իշխանությունները հայտարարել են, որ հարձակվողը, ամենայն հավանականությամբ, գործել է միայնակ, բայց անդրսահմանային հատուկ գործողությունների ընթացքում 14 մարդ է ձերբակալվել, այդ թվում՝ Շվեյցարիայի երկու քաղաքացի: Ավելի վաղ հաղորդվել էր, որ կրակողները մի քանիսն են եղել: Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» խմբավորումը:
Ավստրիայում և Ֆրանսիայում վերջերս կատարված հարձակումները բրիտանական իշխանություններին դրդել են բարձրացնել ահաբեկչական սպառնալիքի մակարդակը: Իսկ Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը հայտարարել է, որ ԵՄ հաջորդ գագաթնաժողովում պատրաստվում է բարձրացնել «քաղաքական իսլամին» հակազդելու հարցը: