Թուրքիան վիճարկում է Հունաստանի ինքնիշխան իրավունքները և սպառնում է խաղաղությանն ու կայունությանը ավելի լայն տարածաշրջանում՝ վկայակոչելով Հունաստանի ազգային պաշտպանության գլխավոր շտաբի պետ Կոնստանտինոս Ֆլորոսի հայտարարությունը՝ գրում է Ermenihaber-ը:
«Լիբիայի ազգային համաձայնության կառավարության հետ ստորագրելով ընդհանուր սահմանները սահմանազատելու վերաբերյալ անօրինական համաձայնագիրը՝ Թուրքիան փորձում է մարտահրավեր նետել և զավթել Հունաստանի բացառիկ տնտեսական գոտին ու մայրցամաքային խութը՝ այդ կերպ իրականացնելով իր ռևիզիոնիստական քաղաքականությունը Միջերկրական ծովի արևելքում»,- ասել է նախարարը: «Այս համաձայնագիրը հակասում է միջազգային իրավունքին, խախտում է մեր ինքնիշխան իրավունքները և վտանգում է տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունը»,- հայտարարել է Ֆլորոսը՝ ավելացնելով, որ այդ փաստաթղթի հիման վրա Թուրքիան նաև միակողմանիորեն հայտարարել է, որ հունական կղզիները, ինչպիսին Կրետեն է, զրկված են Հունաստանի բացառիկ տնտեսական գոտու իրավունքից:
Ֆլորոսը շեշտեց, որ Հունաստանի զինված ուժերը Միջերկրական ծովի արևելքում կայունության կարևոր հենարան են՝ շարունակաբար պաշտպանելով Եվրամիության ինքնիշխան իրավունքներն ու շահերը: «Դա անհրաժեշտ է բարձրաձայն և հստակ ասել: Մենք հունական սահմաններից ու շահերից բացի պաշտպանում ենք նաև եվրոպականը»,- ասել է նա: