Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակն ակտիվ աշխատում է միջազգային կառույցների հետ, մի քանի արձագանքներ արդեն կան: Այդ մասին ԱԺ-ում 2021 թվականի բյուջեի նախագծի քննարկմանն ասաց ՄԻՊ Արման Թաթոյանը՝ պատասխանելով պատգամավոր Անի Սամսոնյանի հարցին:
Նա, մասնավորապես, նշեց, որ ՄԱԿ-ի մարդու իրավունքների գլխավոր հանձնակատարն արդեն երեք անգամ արձագանքել է Արցախում տեղի ունեցող իրադարձություններին՝ ընդհուպ մինչև ադրբեջանական ագրեսիան անվանելով ռազմական հանցագործություն:
Թաթոյանն ասաց, որ արձագանքներ են եղել են նաև Եվրախորհրդի հանձնակատարի կողմից, ՄԻԵԴ-ում արդեն կան վարույթներ Ադրբեջանի գործողությունների դեմ:
«Սակայն ակնհայտ է, որ միջազգային կառույցների արձագանքը համաչափ չէ: Պետք է ընդգծել իրողությունը՝ քաղաքական պատճառները գերակայում են մարդու իրավունքների նկատմամբ: ՄԱԿ-ը, ԵԽ-ն ստեղծվել են մարդու իրավունքները պաշտպանելու համար: Ո՞վ է հռչակել սկզբունքները, որ որևէ իրավունք չպետք է անտեսվի, որևէ մեկը չպետք է հայտնվի լուսանցքում՝ ՄԱԿ-ը»,- ընդգծեց Թաթոյանը: