ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը Ֆեյսբուքի իր էջում գրառում է արել, որում տեղեկացնում է, որ արցախցի Լուսինեի ընտանիքը, որն իր յոթ երեխաների հետ ապրում է տնակում, մշտական կապի մեջ է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ:
«Լուսինեի ընտանիքը այդ տնակում ապաստանել է ոչ նախարարության միջնորդությամբ կամ իմացությամբ:
Ընտանիքի մասին տեղեկանալուց անմիջապես հետո նախարարությունը կապ է հաստատել նրանց հետ, առաջարկել աջակցություն:
Ընտանիքի անդամներից մեկը հոգեկան առողջության խնդիր ունի, այդ իսկ պատճառով Լուսինեն իրեն առաջարկված կացարանի մի քանի տարբերակներից ստիպված է եղել հրաժարվել:
Վերջին 3-4 օրերին նախարարությունն ամեն կերպ փորձում է ընտանիքի համար առավել ընդունելի բնակարանային պայմաններ գտնել:
Միևնույն ժամանակ տեղեկացնում ենք, որ ընտանիքի համար շարունակում ենք կացարան փնտրել թե՛ մենք, թե՛ Գեղարքունիքի մարզպետարանի մեր գործընկերները»,- ասված է նախարարության գրառման մեջ: