ՌԴ արտգործնախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոն լրագրողների հետ հանդիպմանը հայտնել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ կան որոշակի լրամշակումներ: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն:
«Առայժմ կան միանգամայն որոշակի լրամշակումներ, որոնք արվել են ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում: Ներկայումս խոսքը հենց դրանց մասին է»,- հայտնել է Ռուդենկոն:
ՌԴ փոխարտգործնախարարն ընդգծել է, որ Մոսկվան կողմ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքական կարգավորմանը:
«Մենք միանշանակ ելնում ենք նրանից, որ այս հակամարտությանը ռազմական կարգավորում չի կարող լինել: Լուծումը պետք է լինի միայն քաղաքական, համապարփակ՝ հաշվի առնելով բոլոր շահագրգիռ կողմերի շահերը»,- նշել է ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն:
Նա նաև ընդգծել է, որ դեռևս վաղ է խոսել Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հանդիպման մասին:
«Բանակցություններ են ընթանում փորձագետների մակարդակով: Առաջին հերթին ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում: Այլ բանի մասին խոսելը վաղ է»,- նշել է նա:
Նրա խոսքով՝ Մոսկվան, ընդհանուր առմամբ, «նախընտրում է Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցը չշահարկել»: