Այո՛, կան հակասություններ, որոնք նկատել են նաև Ադրբեջանի բնակիչները։ Նրանք համացանցում ծաղրում են Ալիևին՝ հարց ուղղելով․ հերիք չէ՞ նույն գյուղերը մի քանի անգամ ազատագրես։ Այդ մասին ճեպազրույցի ժամանակ ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով Ջաբրայիլի և Զանգելանի շրջանի մի շարք գյուղեր վերահսկողության տակ վերցնելու մասին Ալիևի հայտարարությանը։
Անդրադառնալով ադրբեջանական «Յաշմա» ջոկատի 80 տոկոսի, նաև էլիտար ստորաբաժանումների ջախջախման մասին տեղեկությանը՝ Ա.Հովհաննիսյանը նշեց, որ, որքան էլ հարցը գրավիչ է, այն ռազմական գաղտնիք է պարունակում:
«Մի բան կարող եմ հստակ նշել, որ Ադրբեջանը՝ հետևակի և զրահատեխնիկայի մասով, համարյա թե գոյություն չունի, մնացորդները հավաքելով՝ փորձում է հարձակումներ իրականացնել»։ Իսկ թե, երբ կլինի բեկում, այդ հարցը, ըստ նրա, պետք չէ դնել հանրային քննարկման:
ՊՆ ներկայացուցչի խոսքով՝ ճակատում մարտերի ինտենսիվությունը նվազել է Ադրբեջանի զինուժի կրած կորուստների և մարտունակազրկման պատճառով:
Հարցին ի պատասխան՝ Ա.Հովհաննիսյանը նշեց, որ Սյունիքի մարզի Դավիթ Բեկ համայնքը թիրախավորվել է ոչ մեծ տրամաչափի հրետանային միջոցով: Այս պահին համայնքում իրավիճակը համեմատաբար հանգիստ է:
Եզրափակելով խոսքը՝ Հովհաննիսյանն ասաց, որ մարտերը սաստիկ ու ծանր չեն, մեր ստորաբաժանումները վերահսկում է իրավիճակը, շատ տեղերում հակառակորդին հետ շպրտելիս, հետապնդում են և բնագծերի փոփոխություն կատարում: «Վստահ եղեք՝ Հաղթելու ենք»,- ընդգծեց նա: