«Լուրերի» զրուցակիցը Փարիզի փոխքաղաքապետ Անուշ Թորանյանն է:
Լիլիթ Հարությունյան- Բարև Ձեզ, շնորհակալություն մեր հրավերն ընդունելու համար: Դուք քանի՞ օրով եք Հայաստանում և հետաքրքիր է՝ ինչու՞ ձեր ճանապարհորդությունը չավարտվեց Ստեփանակերտում:
Անուշ Թորանյան (Փարիզի փոխքաղաքապետ)- Հայաստանում եմ մեկ շաբաթով: Եկել եմ Եվրոպայից ժամանած քաղաքական գործիչների մեծ միջազգային կոնֆերանսի պատվիրակության հետ: Այս նախաձեռնության նպատակն է աշխարհի տարբեր ծայրերում ապրող ծագումով հայ և ոչ միայն հայ լրագրողների, քաղաքական գործիչների բերել այստեղ, որ գան, տեսնեն ու հասկանան Արցախում պատերազմի ծավալները և վերադարձին Եվրոպական իշխանություններին ահազանգեն մարդասիրական ճգնաժամի մասին: Սա հզոր վկայություն կլինի՝ միջամտելու հակամարտությանը և դադարեցնելու այն: Ֆորմալ առումով չէի կարող այցելել Ստեփանակերտ, քանի որ այստեղ եմ որպես Փարիզի քաղաքապետի ներկայացուցիչ, և իմ այցը Արցախ կընկալվեր արդեն որպես Արցախի անկախության պաշտոնական ճանաչում: Ցավոք, սա է Արցախ չգնալու իմ պատճառը: Բայց մեր պատվիրակության մյուս ներկայացուցիչները կարողացել են այցելել:
- Եվ ինչի՞ ականատեսն եք եղել Ձեր սեփական աչքերով՝ թեկուզ միայն Գորիսում լինելով:
- Մինչև Գորիս հասնելը նախ այցելեցինք Էջմիածին, այնտեղ տեսանք տեղահանված ընտանիքների։ Գիտեք, չեմ ուզում «փախստական» բառն ասել, քանի որ փախստականն իր երկիր վերադառնալ չի ուզում, իսկ Արցախից տեղահանված մարդիկ հայրենի տներ վերադառնալու մեծ ցանկություն ունեն: Դա ամենաառաջինն եմ նկատել Էջմիածին, Երևան, Գորիս հասած մարդկանցից: Վստահ եմ, որ նրանք, միևնույն է, կվերադառնան իրենց տները, քանի որ պատերազմում չեն պարտվի: Հենց այդ մարդիկ իմ մեջ հույս ներշնչեցին, որ այս պատերազմում կհաղթեն, և այսօր ավելի վստահ եմ, քան երեկ, որ Արցախը պետք է վերակառուցվի, և հայերն ապրեն իրենց սուրբ հողում:
- Տեսա՞ք վիրավորների, զինվորների, այո՞...
- Մեր պատվիրակությունում լրագրողներ կային, որ ուզում էին գնալ, լուսաբանել, թե ինչ է կատարվում: Եթե մենք էլ միանայինք, այն էլ համավարակի տարածման այս մեծ ծավալների դեպքում, շատ անզգույշ քայլ կլիներ միանգամից 30 հոգով հիվանդասենյակներ մտնել: Փոխարենը Գորիսի ֆրանս-հայկական սրտաբանական հիվանդանոցում հանդիպեցինք սահմանին աշխատող բժիշկների հետ, տեղեկացանք սահմանի իրավիճակից, զոհերից, վիրավորներից: Մեզ պատմեցին արգելված զենքերի ու ապօրինի ռազմական գործողությունների մասին, որոնց հարվածներից տուժում են ոչ միայն զինվորները, այլ նաև՝ ռազմական գործողություններից հեռու գտնվող խաղաղ բնակչությունը:
- Ապօրինի գործուղություններ տեղի են ունենում այժմ նաև Եվրոպայում և հատկապես՝ Ֆրանսիայում: Ֆրանսիայի կառավարությունը պատրաստվում է լուծարել «Գորշ գայլերի» գործունեությունը, քանի որ թուրք ազգայնականները վանդալիզմի բազմաթիվ գործողություններ են կատարել Ֆրանսիայում՝ մուրճերով ու դանակներով հարձակվելով հայերի վրա: Մեկ այլ դեպք էր նաև Լիոնում Հայատանի գլխավոր հյուպատոսության շենքի դեմ կատարված վանդալիզմը: Այսօր հայերը և հայ քաղաքական գործիչները վտանգի տա՞կ են Ֆրանսիայում: Դուք անձամբ զգու՞մ եք այդ վտանգը:
- Այն, ինչ կատարվում է այժմ Հայաստանում, Արցախում ու Ֆրանսիայում, անհանդուրժողականության վառ ապացույց է: Ադրբեջանն ուզում է հայաթափել Արցախը, հաջորդը նրա պլաններում Հայաստանը հայաթափելն է: Եվ՛ էրդողանը, և՛ Ալիևը սադրում են իրենց իսլամիստներին, որ դրսում ապրող հայերի նկատմամբ սկսեն անհանդուրժողականություն դրսևորել: Այժմ, ինչ կատարվում է Ֆրանսիայում, Էրդողանի տարիների քաղաքականությունն է: Էրդողանը ոգևորում է Ֆրանսիայում ապրող իր թուրք համայնքին, որ ամենուր հարձակվեն հայերի վրա՝ ուժ կիրառելով, սադրելով, վանդալիզմի գործողություններ իրականացնելով: Բայց սա այդ երկրի համար նորություն չէ։ Երբ Սաֆարովը գիշերով կացնահարեց հայի, իր երկիրը նրան ընդունեց որպես հերոս․ այս վարքագիծը նրանց համար նորություն չէ: Բայց ամեն տարի Էրդողանն ու Ալիևն իրենց համայնքների առաջ հայերին բնաջնջելու խնդիրն ավելի կոշտ և հստակ են դնում: Մեր կառավարության կողմից «Գորշ գայլերի» գործունեությունը դադարեցնելու մասին որոշումը ցույց է տալիս, որ քայլ առ քայլ դեմ ենք կանգնում վայրագություններին: Բայց այսօր իսկապես հայերը պետք է շատ զգույշ լինեն Ֆրանսիայում և հետևեն իրենց անվտանգությանը: Եվրոպան պետք է հասկանա, որ եթե Էրդողանն ու Ալիևը հասնեն իրենց նպատակին՝ գրավեն Արցախը, հաջորդը կլինի Հայաստանը, եթե գրավեն Հայաստանը, հաջորդը կգրավեն Եվրոպան: Պետք է ուրեմն լինել շատ զգոն, քանի որ, եթե Հայաստանը Եվրոպայի օրակարգում լինի վերջինը, Ադրբեջանի ու Թուրքիայի օրակարգում առաջինն է: Զգոնության այս ուղերձը պետք է միջազգային հանրությանը շատ ճիշտ հասցնենք: Եթե նույնիսկ Հայաստանը ձեզ համար փոքր երկիր է, շատերդ նույնիսկ չգիտեք այս երկրի անունը, իմացե՛ք, որ Հայաստանը գրավելու դեպքում իսլամիստները կմտնեն նաև ձեր տներ:
- Եվրոպայում, և հատկապես՝ Ֆրանսիայում հայերը լայնամասշտաբ ցույց կազմակերպեցին: Հայկական «Բերդ» պարն ու Էյֆելյան աշտարակի տեսարանը շատ տպավորիչ էին: Բայց նույնիսկ այս մեծ ցույցերը նպատակայի՞ն են: Հնարավո՞ր է, որ Արցախի անկախությունը ճանաչի Փարիզը, քանի որ Ֆրանսիայում Փարիզի ձայնը որոշիչ է:
- Կարծում եմ՝ նախագահ Մակրոնը շատ արագ և շատ հստակ արձանագրեց, որ Արցախում տեղի ունեցող իրադարձություններում Ադրբեջանն ագրեսոր է, նրան աջակցում է Թուրքիան՝ ջիհադիստների ու վարձու մարդասպանների խմբեր ուղարկելով: Կարծում եմ՝ հայ համայնքի, ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի և ֆրանսիական կառավարության գործակցության շնորհիվ է նաև, որ զգալի արդյունքների ենք հասնում: Եվրոպայում հայ համայնքի բոլոր ներկայացուցիչները կառավարությունների հետ պետք է ճիշտ տեղում, ճիշտ ժամանակին երկխոսության գնալով՝ կարողանան պատասխանատվության առաջ կանգնեցնել մեղավորներին, ինչպես Ֆրանսիայում է: Բողոքի ակցիաներից բացի, ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհուրդը հրավիրեց նախագահ Մակրոնին քննարկումների: Եվրամիության մյուս երկրներում էլ է պետք այս ամենն իրականացնել՝ Արցախում անմիջապես հրադադար և, իհարկե, խաղաղություն հաստատելու, Հայաստանին մարդասիրական օգնություն ուղարկելու համար: Դուք Փարիզի կողմից Արցախի ճանաչումից հարցրեցիք: Իր ընտրվելու օրվանից Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն հայտնել է իր համերաշխությունն ու համակրանքը հայերի նկատմամբ: Հենց այդ նպատակի համար է նաև իմ այստեղ այցը և ներկայությունը:
- Եվ դուք վերադառնում եք Հայաստանից վիրավորների ու տեղահանվածների տեսնելուց հետո: Անձամբ նաև որպես հայ համայնքի ներկայացուցիչ՝ ի՞նչ նախաձեռնություններ ունեք: Գուցե Համահայկական հիմնադրամին օժանդակելու քայլե՞ր կլինեն:
- Երևանն ու Փարիզն ունեն գործակցությունն ու բարեկամությունը ամրապնդող ու ապացուցող արդեն հին կապեր, դրանցից է «Թումո» ստեղծարար կենտրոնի բացումը Փարիզում: Իսկ Հայաստանին օգնելու համար Անն Իդալգոն, որպես Ֆրանկոֆոն քաղաքապետների միջազգային ասոցիացիայի ղեկավար, երկու անգամ բավականին մեծ գումար հավաքեց և ուղարկեց (30 հազար եվրո)՝ առողջապահական ճգնաժամը հաղթահարելու և Արցախից տեղափոխվածներին աջակցելու համար (50 հազար եվրոյի շտապ օգնություն): Սա ևս մեկ ապացույց էր, որ մեր համերաշխությունը ցույց տանք Հայաստանին և ավելի ամրապնդենք մեր կապերը:
- Եվ մեր զրույցի ավարտին գուցե հայերեն ինչ-որ բան կունենա՞ք ասելու:
- Հաղթելու ենք ... Եվ շնորհակալ եմ հյուրընկալելու համար: