Իսլանդիայի խորհրդարանի անդամ, Կենտրոնական կուսակցության ներկայացուցիչ Բիրգիր Թորարինսոնը Արցախում անցկացված ասուլիսի ժամանակ հայտնեց, որ առաջին անգամ է Արցախում և իր համար՝ որպես քրիստոնյայի, պատիվ է լինել առաջին քրիստոնյա երկրում:
«Ես աշխարհում ամենախաղաղասեր երկրի ներկայացուցիչն եմ: Իսլանդիան բանակ չունի, մենք չենք արտադրում որևէ զինամթերք: Մեզ համար լուրջ վտանգ է ներկայացնում միայն մեր բնությունը՝ երկրաշարժերը, հրաբուխները: Մենք փոքր երկիր ենք և փոքր դերակատար միջազգային հանրության բեմում, բայց երբ խոսքը վերաբերում է խաղաղությանը, մեր գործը մեծ է: Մենք հայտնի ենք նրանով, որ պաշտոնապես ճանաչում ենք նորանկախ երկրներին»,- նշեց Իսլանդիայի խորհրդարանի անդամը:
Բիրգիր Թորարինսոնը նշեց, որ Արցախում ականատես է եղել վերջին արտադրության զինամթերքի կիրառմանը խաղաղ բնակչության դեմ: Մահվանը կարելի է հանդիպել անգամ փողոցում քայլելիս: Կարող է հարվածել ադրբեջանական ԱԹՍ-ն, որը փաստացի արտադրում են Թուրքիան ու Իսրայելը:
«Կոչ եմ անում իմ իսրայելցի ընկերներին՝ դադարեցրե՛ք այլևս զենքի վաճառքն Ադրբեջանին: Թուրքիայի դերակատարությունն այդ հակամարտությունում անընդունելի է բոլոր առումներով: Եվ հազարավոր ահաբեկիչների ներգրավումը պատերազմում և վարձատրումն Ադրբեջանի կողմից անընդունելի են միջազգային իրավունքի տեսանկյունից»,- նշեց Բիրգիր Թորարինսոնը՝ հավելելով՝ միջազգային հանրությունը ցավալիորեն լռում է այս ամենի մասին:
Իսլանդիայի խորհրդարանի պատգամավորը հույս հայտնեց, որ մի օր հայերն ու ադրբեջանցիները կընկերանան այնպես, ինչպես դա տեղի ունեցավ իրենց՝ իսլանդացիների ու անգլիացիների պարագայում:
Մինսկի խումբը, ցավոք, հաջողության չի հասել՝ նշեց Բիրգիր Թորարինսոնը՝ հավելելով, որ առաջին քայլը պետք է լինի խաղաղապահների ներգրավումը:
«Իսլանդիան պատրաստ է օգնելու իրեն տրված բոլոր հնարավորություններով»,- եզրափակեց բանախոսը: